Պուտինը՝ դրախտի եւ Աստծուն մոտ լինելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում պատասխանել է ռուսաստանցիների համար դրախտի մասին եւ ՌԴ-ի վրա հարձակման դեպքում ագրեսորների աննախանձելի ճակատագրի մասին իր փոխաբերական պատկերացումները մեկնաբանելու խնդրանքին, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Մենք միշտ միատեսակ ենք մոտ Աստծուն, եւ նա կորոշի՝ որտեղ մենք գտնվենք մեր երկնային ուղու վերջում»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ պատասխանելով բանավեճը վարողի «Մեկ տարվա ընթացքում մենք դրախտին ավելի մոտեցե՞լ ենք» հարցին։
Պուտինը նաեւ նկատել է, որ անցյալ տարվա ընթացքում աշխարհում անվտանգության իրավիճակը չի լավացել, այլ հակառակը՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից «ԱՄՆ-ի դուրս գալու հետ կապված՝ այն վատացել է»։
2018թ․ հոկտեմբերին «Վալդայի» նախորդ նիստում Պուտինն ասել էր, թե Ռուսաստանին հարվածելու դեպքում ագրեսորը կոչնչացվի պատասխան հարվածով։ Այն ժամանակ ՌԴ նախագահը նշել էր․ «Մենք՝ ագրեսիայի զոհերս, որպես տառապյալներ, դրախտ կընկնենք, իսկ նրանք պարզապես կսատկեն, քանի որ զղջալ անգամ չեն հասցնի»։ Ավելի ուշ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, թե դրախտի մասին խոսքերը փոխաբերություն են, իսկ գլխավորը Պուտինի խոսքերում այն է, որ Ռուսաստանը դոկտրինային մակարդակում չի օգտվի կանխարգելիչ հարվածի իրավունքից, այլ կարող է ի պատասխան միայն միջուկային զենք գործածել։