ԵՊՀ գիտխորհուրդը բացասական կարծիք է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: Այս մասին Operativ.am-ը տեղեկանում է ԵՊՀ լրատվական ծառայությունից։
Օրակարգային և ընթացիկ հարցերի սպառումից հետո գիտխորհուրդը քննարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Նախքան նախագծի վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելը՝ ուզում եմ սկզբունքային հանգամանք շեշտել: Ըստ իս՝ օրենք գրելուց առաջ պետք է քննարկել հիմնական սկզբունքները, այսինքն՝ համաձայնության գալ ընդհանուր հայեցակարգի շուրջ, այնուհետև հանձնարարել մասնագետների խմբին, որոնք պրոֆեսիոնալ ձևով օրենք կգրեն: Իհարկե, դրանից հետո էլ կարող են քննարկումներ և առաջարկներ լինել, բայց դրանք արդեն թեթև խմբագրական բնույթ կունենան: Օրենքի այս նախագիծն արդեն երրորդ տարին է շրջանառվում, դրույթներ կան, որ ներառվում են, հետո հանվում: Պարզ չէ, թե որ պահին պիտի ամրագրենք, որ ընդունելի լինի գիտակրթական հանրությանը: Միակ հիմնարար նոր դրույթը, որ այսօր կա այս նախագծում, գիտության ներառումն է»,- ասաց ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Նա նշեց, որ օրենքի այս նախագծի համաձայն՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դերը գրեթե զրոյացվել է, սակայն առաջարկեց դրա վերաբերյալ քննարկում չծավալել այսօր՝ հույս հայտնելով, որ դրա հետ կապված առանձին քննարկում կկազմակերպվի:
Գեղամ Գևորգյանը գիտխորհրդին ներկայացրեց այն դրույթները, որոնք առարկելի են: Մասնավորապես՝ առաջին նկատառումը վերաբերում էր օրենքի նախագծի գլուխ 1-ի այն դրույթին, ըստ որի՝ անցում է կատարվում գիտական մեկ աստիճանի համակարգին:
Անցնելով հաջորդ դիտարկմանը՝ Գեղամ Գևորգյանն առաջարկեց ավելացնել, որ բուհը ինքնուրույն է որոշում նաև բոլոր տարակարգերի աշխատավարձերը, հաստիքացուցակը, վարձավճարների չափը, ընդ որում՝ առանց վերևից սահմանափակման. «Այսօր օրենքով վարձավճարի չափը սահմանափակված է վերևից: Եթե լիներ ներքևից, գուցե հասկանալի լիներ այն իմաստով, որ կասկածի տեղիք տար տրամադրվող կրթության որակը: Սակայն վերևից սահմանափակումը սխալ է, մանավանդ որ բոլոր բուհերը չեն ենթարկվում դրան: Մեր դեպքում վերևից սահմանափակումը կազմում է 1 մլն դրամ, իսկ օրինակ ՀԱՀ-ինը 1.5-2 մլն դրամ»:
Նրա հաջորդ առաջարկը վերաբերում էր օրենքի նախագծի հոդված 10-ի 13-րդ և 14-րդ կետերին, ըստ որոնց՝ համապատասխանաբար նշվում է, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգում բոլոր կրթական մակարդակների աստիճանաշնորհող ծրագրերում ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը առավելագույնը 60 կրեդիտ է, և լրիվ բեռնվածությամբ ուսումնառող ուսանողը պարտավոր է բուհի տվյալ կրթական ծրագրով սահմանված ուսուցման համար նախատեսված ժամկետում կուտակել տարեկան ուսումնական բեռնվածության առնվազն 75 տոկոսին համապատասխան գումարային կրեդիտներ, իսկ մասնակի բեռնվածությամբ ուսումնառող ուսանողը՝ տարեկան ուսումնական բեռնվածության առնվազն 50 տոկոսին համապատասխան գումարային կրեդիտներ. «Չի նշվում, թե ինչի 75 տոկոսը կամ ինչի 50 տոկոսը»:
«Վիճահարույց է նաև 15-րդ կետը, ըստ որի՝ մասնակի բեռնվածությամբ ուսումնառող ուսանողի ուսումնառության ընդհանուր տևողությունը բակալավրի համար առավելագույնը 8, իսկ մագիստրոսի համար՝ 4 ուսումնական տարի է: Եթե ուսանողն ընդունվել է պայմանով, որ պետք է սովորի 8 տարի, իսկ այդ ընթացքում 4 տարվա ուսումնական ծրագրում եղել է փոփոխություն, ապա ինչպե՞ս պետք է նա ավարտի: Հնարավո՞ր է՝ նրան ստիպեն հանձնել բոլոր փոփոխությունները: Պետք է նշել մեխանիզմները»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը և ասաց, որ դրանք անորոշ են և հստակեցման կարիք ունեն:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն առաջարկեց նաև խմբագրել հոդված 18-ի 10-րդ կետի վերջին նախադասությունը. «Այդ կետը սահմանում է, որ բարձրագույն կրթության առաջին մակարդակի ընդունելության կարգը, ընդհանուր պահանջները և մրցույթի անցկացման ընդհանուր չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դրանց հիման վրա բուհը հաստատում և հրապարակում է մրցույթի կարգը և չափանիշները: Առաջարկում եմ ավելացնել, որ բուհը նաև իրականացնում է մրցույթ»:
Անդրադառնալով հոդված 19-ի 2-րդ կետին՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ մեծ երևակայություն է պետք նման սահմանում գրելու համար. «Ըստ այդ դրույթի՝ դասախոսները և գիտական աշխատողները, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են կամավոր հիմունքներով ստեղծել հասարակական միավորումներ, ներառյալ` ակադեմիական, գիտական, գիտատեխնիկական ընկերություններ, միություններ, որոնք նպատակաուղղված գործունեություն են ծավալում գիտության համապատասխան բնագավառի զարգացման ուղղությամբ: Ստացվում է՝ վերջում դրվում են սահմանափակումներ, որոնք խախտում են մարդու սահմադրական իրավունքները: Օրինակ՝ մենք կարող ենք հավաքվել և ստեղծել շրջանավարտների միավորում՝ հավաքվելու և զրուցելու: Ստացվում է, որ չի՞ կարելի: Առաջարկում եմ հանել այդ կետը»:
Հոդված 30-ի 4-րդ կետը, Գեղամ Գևորգյանի փոխանցմամբ, արդեն մի քանի տարի է, ինչ քննարկվում է. «Ո՞վ է գիտական խորհրդի նախագահը: Ստացվում է, որ յուրաքանչյուր ոք՝ բացի ռեկտորից, պրոռեկտորներից, վարչական աշխատողներից: Այդ կետով սահմանվում է, որ բուհի ռեկտորը և բուհում վարչական պաշտոն զբաղեցնող (կամ ռեկտորի կողմից ակադեմիական խորհրդում նշանակված) անձը չեն կարող ընտրվել ակադեմիական խորհրդի նախագահ: Սա ոչ մի լավ բան չի բերի բուհին: Առաջարկում եմ՝ նշվի, որ գիտական խորհրդի նախագահը ռեկտորն է:
Նա անդրադարձավ նաև նույն հոդվածի 15-րդ կետին, ինչը սահմանում է՝ բուհում (մասնաճյուղում) վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում վարչական կամ գիտական ստորաբաժանման (ամբիոն) ղեկավարի պաշտոնում նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:
«Այսինքն՝ եթե լրանում է ամբիոնի վարիչի 65 տարեկանը, ապա նա պետք է դուրս գա: Եթե այդ մոտեցումն ինչ-որ առումով ընդունելի է ռեկտորի կամ դեկանների պարագայում, ապա այս դեպքում լրիվ անընդունելի է: Մենք այդքան հարուստ չենք կադրերով, և ամբիոնի վարիչի գործն էլ, ի վերջո, վարչական աշխատանք չէ»,- ասաց ռեկտորի ժ/պ-ն:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի համար օրենքի նախագծի ամենավիճահարույցը հոդված 26-ն էր, որով սահմանվում է հանրային բուհի կառավարման խորհրդի ձևավորումը:
«Այս հոդվածը, ըստ էության, բուհի գործառույթների վերաբերյալ վերահսկիչ փաթեթ ունենալու մասին է: Բոլոր հիմնարկներում հիմնադիրն ունենում է վերահսկիչ փաթեթ, դա այդպես է: Այստեղ ևս դա իրագործելու համար, իմ կարծիքով, սխալ ձևով է իրականցվում: Ըստ էության՝ այդ փաթեթն այստեղ ռեկտոր ընտրելու համար է: Կարող եմ փաստել, որ համալսարանի 100 տարվա ընթացքում երբևէ ռեկտոր չի ընտրվել: Ես էլ չեմ ընտրվել, նախորդն էլ չի ընտրվել: Եվ դա բնական է՝ ըստ իս: Եթե կա հիմնադիր մարմին, ապա նա էլ պետք է նշանակի»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Անդրադառնալով այլ հարցերի և ներկայացնելով դիտարկումներ՝ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշեց բացասական կարծիք ներկայացնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: