Փոխգնդապետ Արա Մխիթարյանն աչքերը բացել է
Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ծանր վնասվածքներ ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանն այսօր բացել է աչքերը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Նա ասաց, որ այսօր առավոտյան այցելել է Մխիթարյանին, վիճակը դեռեւս մնում է ծայրահեղ ծանր. «Որոշակի դեղամիջոց կար, որ կիրառվում էր իրեն խորը քնի մեջ պահելու համար, այն արդեն մոտ 20 ժամ է, ինչ անջատված է: Նա դեռեւս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց սարքը չի թելադրում, այլ ինքն է թելադրում սարքին իր շնչելու հնարավորությունները, սարքն ուղղակի օգնում է: Ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են: Այսօր աչքերը բացել է: Շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավական դրական դինամիկա ունի, վերականգնվում է: Մյուս կիսագնդում ունենք մի քիչ խնդիրներ։ Այսօր մեր բժիշկների պնդմամբ, հնարավոր է, որ վերականգնելու պարագայում ձախ կողմը չվերականգնվի։ Հույս ունենք, որ մարմնի աջ մասը կվերականգնվի»։
Սահակ Օհանյանն ասաց, որ դեռ վաղ է ասել, թե ինքնուրույն շնչելուց հետո ի՞նչ ռեֆլեքսներ կվերականգնվեն նրա մոտ. «Կխոսի՞, թե ոչ, հազային ռեֆլեքսը կա, աչքերը բացում է, ձեռքի մատերը որոշակի շարժում էր, բայց մնացածը դեռեւս շուտ է ասել»։
Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը ստուգելու համար:
Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: