ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ երկրների Ցանցային համալսարանի ստեղծման համաձայնագրին
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ երկրների Ցանցային համալսարանի ստեղծման համաձայնագրի նախագծին, որի հիմնական նպատակներն են դառնալու կադրերի պատրաստումն ու համատեղ գիտական եւ գիտատեխնիկական նախագծերի իրագործումը։ Կառավարության համապատասխան կարգադրությունը հինգշաբթի հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ միջազգային պայմանագրերի մասին» դաշնային օրենքի հոդված 11-ի 1-ին կետի համաձայն՝ հավանություն տալ Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարության ներկայացրած, Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային այլ մարմինների հետ համաձայնեցված համաձայնագրի նախագծին ԱՊՀ Ցանցային համալսարանի հիմնադրման եւ գործունեության մասին»,- ասվում է փաստաթղթում։
Ըստ համաձայնագրի տեքստի՝ համալսարանը համաձայնագրի մասնակից երկրների կրթական կազմակերպությունների ցանց է։ Նրա գլխավոր նպատակներն են կադրերի պատրաստումը բարձրագույն կրթության մասնագիտություններով, լրացուցիչ պրոֆեսիոնալ ծրագրերով (լրացուցիչ կրթության կրթական ծրագրեր) եւ համատեղ գիտական ու գիտակրթական նախագծերի իրականացում, որոնք գերակա շահ են ներկայացնում համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական եւ սոցիալական զարգացման համար։
Համալսարանի գործունեությունն ապահովելու է համակարգող խորհուրդը, որը վարչության բարձրագույն կոլեգիալ մարմինն է։ Դրա կազմում մտնելու են համաձայնագրի մասնակից պետությունների իշխանության մեկական ներկայացուցիչ՝ լիազորված ընդունելու որոշումներ։ Բացի այդ, համալսարանն ունենալու է գլխավոր կազմակերպություն։
Ցանցային համալսարանի մասին
Ինչպես պարզաբանեցին ՌԴ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունում, համաձայնագրի նախագիծը կապված է ԱՊՀ Ցանցային համալսարանին իրավական կարգավիճակ տալու անհրաժեշտության հետ, որն ստեղծվել է 2009 թվականի հունիսի 11-ին, ԱՊՀ Ցանցային համալսարանի ստեղծման վերաբերյալ կոնսորցիումի մասին համաձայնագրով։ Այդ ժամանակ այն ստորագրվել է Համագործակցության երկրների առաջատար համալսարանների 11 ռեկտորների կողմից։
«ԱՊՀ Ցանցային համալսարանը Համագործակցության բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավահավասար համագործակցություն է բարձրագույն կրթության ոլորտում, որն իրականացվում է կրթական կազմակերպությունների կոնսորցիումի ձեւաչափով։ Ներկայում կոնսորցիումի մեջ են մտնում 38 համալսարաններ ԱՊՀ ինը երկրներից. Ադրբեջանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստանի Հանրապետություն եւ Ուկրաինա»,- ասվում է հաղորդագրությունում։
ԱՊՀ Ցանցային համալսարանում, նախարարության տվյալներով, ուսուցումը տարվում է մագիստրատուրայի ծրագրերով. ուսանողը սովորում է ստացիոնար հիմքով, մեկ տարի իր բուհում եւ մեկ տարի այլ երկրի բուհում, եւ ուսուցման արդյունքներով ստանում է երկու դիպլոմ։ Համալսարանում ուսուցումը տարվում է 31 ուղղությամբ, այդ թվում՝ իրավագիտություն, մենեջմենթ, էկոնոմիկա, միջազգային հարաբերություններ, նավթագազային գործ, միջուկային ֆիզիկա, շինարարություն, ռադիոտեխնիկա եւ այլն։