Նորաշենցիները հիմա էլ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց (Տեսանյութ)
Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետ բերել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որի լիազորություններն ըստ իրենց, ապօրինի դադարեցվել են եւ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը:
Նորաշենցիները հայտարարեցին, որ համայնքապետարանի ողջ աշխատակազմը գործադուլ է հայտարարել: Ակցիայի մասնակիցները հայտարարեց, որ իրենք պատրաստ են գնալ փոխզիջման, այսինքն Նորայր Գրիգորյանը չլինի գյուղապետ, բայց ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի նրա տեղակալ Միսաք Ստեփանյանը, մինչեւ հաջորդ տարի կայանալիք ընտրությունները, սակայն մարզպետ Գարիկ Սարգսյանը դրան չի համաձայնել:
«Մենք ստիպված հասել ենք այստեղ, որ մեր ձայնը լսելի դառնա: Պարոն վարչապետ, հույս ունենք, որ ձեր կարգադրությամբ արդար որոշում կկայացվի: Գյուղում բոլորին հանել են իրար դեմ»,-ասացին նրանք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:
Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվել են, երբ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, ով նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից: