Քաղաքապետարանին պարտադրվեց, որպեսզի նա կատարի իր պայմանագրային պարտավորությունները. Աղեկյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի շահագրգռվածության շնորհիվ «Սանիթեքի» աշխատակիցները օգոստոս ամսվա իրենց աշխատավարձերը ստացան, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խուսափում էր փոխանցումը կատարելուց։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հայտարարեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը։
«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բավականին շահագրգռվածություն ցուցաբերեց, եւ գործողությունների ղեկավարումն անմիջապես հանձնարարեց իր օգնական Հայկ Ավագյանին։ Նա էլ իր աշխատանքային 3 օրը տրամադրեց, որ կարողանանք վստահ ասել, որ Երեւանի քաղաքապետարանին պարտադրվեց, որպեսզի նա կատարի իր պայմանագրային պարտավորությունները, եւ օգոստոս ամսվա համար նախատեսված աշխատավարձի հասանելիք չափաբաժինը փոխանցի «Սանիթեք» ընկերությանը»,- ասաց Աղեկյանը՝ հավելելով, որ Երեւանի քաղաքապետը խուսափում էր փոխանցում կատարելուց։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս «Սանիթեք» ընկերության աշխատակիցները «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամների հետ բողոքի ակցիաներ էին իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով իրենց օգոստոս ամսվա աշխատավարձերը։ Վերջին անգամ նրանք բողոքի ակցիա իրականացրին կառավարության բակում, որից 3 օր անց «Սանիթեքի» աշխատակիցների աշխատավարձերը քաղաքապետարանը փոխանցեց։