Պուտինը դեմ է հանդես եկել Սաուդյան Արաբիայում հարձակումների մեջ Իրանին մեղադրելուն
Ռուսաստանը դեմ է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումների մեջ Իրանին մեղադրելուն: Այս մասին ելույթ ունենալով ռուսական էներգետիկ շաբաթի շրջանակում՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք դա քննարկում ենք, սակայն մենք դեմ ենք այդ հարձակումների մեջ Իրանին մեղադրելուն, քանի որ դրա համար որեւէ ապացույց չկա»,- ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ շուկայում իսկապես տատանումներ եղել են, սակայն Սաուդյան Արաբիայի կորուստները մեծ են եղել: Նրա խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում համաշխարհային շուկայում ամեն ինչ վերականգնվել է:
«Երեկ մենք այդ թեման քննարկել ենք Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, նրա դիրքորոշումն այն է, որ Իրանը պատասխանատվություն չի կրում այդ իրադարձության համար եւ որ Իրանի համար տարօրինակ է որոշ երկրների դիրքորոշումը»,- ասել է Պուտինը: