Դեսպանություն բացելու նպատակով՝ Հայաստանի ԱԳՆ-ն լայնածավալ բանակցություններ է վարում Ավստրալիայում
Հայաստանի ԱԳ նախարարությունը լայնածավալ բանակցություններ է վարում Ավստրալիայում դեսպանություն բացելու նպատակով: Հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արման Բոշյանի հարցին:
Նրա խոսքով՝ այս հարցը արդեն վաղուց է հայկական կողմի օրակարգում: «Մենք բավականին լայնածավալ բանակցություններ ենք վարում: Մեր նպատակն է Ավստրալիայում դեսպանություն բացելը, եւ մենք առաջ ենք ընթանում ըստ մեր առաջնահերթությունների: Ավստրալիան մեր առաջնահերթ խնդիրների ցանկում է, բայց մեր նպատակներին հասնելու ժամկետներն ավելի հստակ որոշելու համար անհրաժեշտ է, որ մեր գործընկերների հետ որոշ բանակցություններ ավարտենք, որ դեսպանություն բացելու ողջամիտ ծրագիր ունենանք: Եվ մեր նպատակն է այս գաղափարը հնարավորինս արագ իրականացնելը»,- շեշտեց Մնացականյանը՝ կոնկրետ ժամկետներ չնշելով: