Գրադարանավարների ու հավաքարարների աշխատավարձերը հավասարեցնում են
Արդարացի չէ, որ գրադարանավարն ու հավաքարարը նույն աշխատավարձն ստանան, մենք բախվել ենք այդ նույն խնդրին, երբ բարձրացվեցին թոշակները մինչև 25500 դրամ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 2-ին ասաց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանին, որը հետաքրքրվեց, թե չէր կարելի արդյոք բարձրացնել պետհատվածի այն աշխատակիցների աշխատավարձերը, որոնք 100 հազարից քիչ են ստանում։
Բաղդասարյանը փաստել է, որ օրենսդրական այս փոփոխություններից հետո հավաքարարները կստանան գրեթե նույնքան, որքան գրադարանավարները, որոնց աշխատավարձը հասնում է 70 հազար դրամի (ուսուցիչներինը մի փոքր ավելին է՝ մոտ 80 հազար դրամ)։
«Մենք ասել ենք այո, եթե կա խելամիտ նվազագույն շեմ՝ ուղղված այն բանին, որպեսզի մարդը այդ ցուցանիշից ավելի պակաս չստանա։ Իհարկե, մարզային գրադարանավարների աշխատավարձերը նույնպես պետք է բարձրացնել, բայց կա որոշակի շեմ, որից ներքեւ ոչ ոք չպետք է վճարվի, այդ թվում եւ հավաքարարը, շարքային աշխատողը, պահակը եւ այլն»,- ընդգծել է Միրզոյանը՝ հաստատելով, որ իշխանությունները մտադիր չեն բարձրացնել նրանց աշխատավարձը, ովքեր նվազագույնից մի փոքր ավելին են ստանում։