Իրանը կշարունակի կրճատել միջուկային պարտավորությունները. Խամենեի
Թեհրանը միջուկային գործարքով իր պարտավորությունները կշարունակի կրճատել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել «անհրաժեշտ արդյունքի»: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կշարունակենք կրճատել միջուկային խնդրով պարտավորությունների կատարումը, մենք պետք է միանգամայն լրջորեն շարունակենք… այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ արդյունքի չենք հասել»,- ասել է Խամենեին, ում խոսքը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
Իրանի գերագույն առաջնորդը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, որը Իրանի զինված ուժերի մասն է) հրամանատարության հետ հանդիպման ժամանակ նաեւ նշել է Իրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ քաղաքականության տապալման մասին:
ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները վատթարացել են վերջին տարում, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ Թեհրանի հետ միջուկային ծրագրի գործարքից: Սրան ի պատասխան Իրանը նույնպես դադարեցրեց պայմանագրի մի շարք դրույթների կատարումը: Դրանից բացի, ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ է սահմանել Իրանի իշխանությունների եւ ընկերությունների դեմ: Գործարքի եվրոպացի անդամները հայտարարել են համաձայնագիրը պահպանելու անհրաժեշտության մասին: