Էյֆելյան աշտարակը ներկվել է վարդագույնով՝ ի նշան կրծքի քաղցկեղի դեմ պայքարի աջակցության
Փարիզի գլխավոր խորհրդանիշը՝ Էյֆելյան աշտարակը, ներկվել է վարդագույնով՝ ի նշան կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ակցիայի՝ Octobre Rose-ի (վարդագույն հոկտեմբեր) աջակցության, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Տրոկադերո եւ Մարսի հրապարակներում հավաքվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հարյուրավոր հյուրեր եւ բնակիչներ։ Լուսային շոուի պաշտոնական մեկնարկը տվեց Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը հիշեցրեց, որ աշտարակն «աջակցում» է կաթնագեղձի քաղցկեղի դեմ պայքարին 2014 թվականից։
Լուսային ծրագիրը շարունակեց անվճար համերգը։ Մասնակցում էին Les Rita Mitsouko ֆրանսիական խումբը եւ հանրահայտ բրիտանական փոփ-ռոք երգչուհի Դայդոն, որը ներկա պահին հյուրախաղերով Փարիզում է։
Կազմակերպիչների խոսքով՝ նման ակցիաները կարեւոր են ոչ միայն հանրությանը հիվանդության դեմ պայքարի ջանքերի մասին իրազեկելու, այլ նաեւ համատեղ հետազոտությունների անցկացման հանդեպ ներդրողների ուշադրությունը գրավելու համար։ Բացի Էյֆելյան աշտարակից, հատուկ միջոցառում անցկացնելու մասին հայտարարել են Ֆրանսիայի մի քանի բուժհաստատություններ։ Բժիշկներն ընդգծում են, որ «մտադիր են ընդլայնել մարդկանց տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի եւ դրա բուժման նոր հնարավորությունների մասին»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ օնկոլոգիական հիվանդություններն աշխարհում մահացության երկրորդ հիմնական պատճառն են։ 2018-ին քաղցկեղից մահացել է 9,6 մլն մարդ։ Մահվան դեպքերի մոտ 70 տոկոսը գրանցվում է բնակչության ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում։ Տարածված խնդիրներ են հիվանդության ուշ փուլերում բժշկական օգնության դիմելը եւ որակյալ ախտորոշման պայմանների բացակայությունը։