Բոսնիայի իշխանություններն Անկարայի խնդրանքով ազատվում են Գյուլենի կողմնակիցներից
Բոսնիա-Հերցեգովինայի անվտանգության նախարարությունը չեղարկել է Թուրքիայի չորս քաղաքացու, մասնավորապես՝ «Sema» ուսումնական հաստատությունների ուսուցիչ Ալի Լաֆջիօղլուին կեցության իրավունքի տրամադրումը։ Նրանք բոլորը կասկածվում են Ֆեթհուլա Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, տեղեկացնում է RG-ն՝ հղում կատարելով Klix.ba պորտալին։
Ընդգծվում է, որ հուլիսին, Սարաեւո կատարած այցի ընթացքում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրանքով դիմել էր տեղի ղեկավարությանը՝ հանձնել Անկարային նշված անձանց, ինչն էլ բոսնիացիների նման գործողությունների պատճառ է հանդիսացել։ Ընդ որում՝ Գյուլենի կողմնակիցների փաստաբանները տեղեկացրել են, որ Բոսնիա-Հերցեգովինայի իշխանություններն արդեն հրաժարվել են վերանայել իրենց որոշումը, դրա համար հարցը փոխանցվել է դատարան։
Այնինչ, Էրդողանն ինքը քանիցս ընդգծել է, որ «Թուրքիան չի կարող իրեն շքեղություն թույլ տալ՝ չմիջամտելու բալկանյան գործերին»։ Այժմ Անկարան նման դեր խաղում է տարածաշրջանում, որի ակտիվությունը Ռուսաստանի եւ Չինաստանի բալկանյան քաղաքականության կողքին հանգիստ չի տալիս ԱՄՆ-ին, «Ռուսկի ռեպորտյոր»-ին տված հարցազրույցում ասել է Բոսնիա-Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկը։
«Թուրքիան երբեք չի թաքցրել իր հավակնությունները՝ աջակցել տեղի իսլամական համայնքին,- փաստում է սերբ ղեկավարը։- Օրինակ, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ասել էր, որ դա իրենց հողն է, որ հարեւանների հետ պետք է «զրո խնդիր» ունենալ», բայց ակնհայտ է, որ դա հազար խնդիր է առաջացրել։ Հիմա ինձ համար ընդունելի է այն ուղեգիծը, որն անցկացնում է Էրդողանը, այն է՝ նրա ձգտումը՝ ընդլայնել համագործակցությունը որոշ տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծերում, ինչպիսին է, օրինակ, ավտոբանների կառուցումը։ Այսպես ենք մենք հասնում փոխըմբռնման։ Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ցանկացած քաղաքական միջամտություն՝ երկրի տարբեր ժողովուրդների նշանակությունը նվազեցնելու նպատակով, մենք չէինք ողջունի։ Բայց ես երկու անգամ հանդիպել եմ Էրդողանի հետ եւ չեմ նկատել նրա կողմից նման մոտեցում։ Բայց հակված եմ այն բանին, որ Սարաեւոյի քաղաքական գործիչներն ավելի հաճախ են չարաշահում Թուրքիային եւ Էրդողանին վկայակոչելը, քան նա դա կցանկանար։ Եթե այստեղ նման խնդիրներ լինեին, Թուրքիան հազիվ թե այդքան ընդլայներ իր ներկայությունը Սերբիայում, հատկապես ներդրումների եւ տարբեր նախագծերի ֆինանսական աջակցության մասով»։