Մարմնավաճառ պատանին Երևանյան մեկ գիշերային պտույտի տպավորություններից
Մայրամուտի վերջին ցոլքերը մի վերջին անգամ էլ կայծկլտացին և հանգան: Կապտասևավուն խավարը պարուրեց ամենուր: Գիշերն իր հաղթանակի տոնախմբության վայելքի մեջ էր:
Անթափանց ու խորհրդավոր խավարի մեջ Քաղաքն իր հազարերանգ ու անհամար լույսերով նմանվում էր վիթխարի հրդեհի: Մինչ բնությունն իր կենդանության վերջին հևքում էր, հոգեվարքի մեջ, Քաղաքում կյանքը շարունակվում էր: Կյա՞նքը, իսկ գուցե միայն գոյատևու՞մը: Էլեկտրական ու նեոնային բյուրավոր լամպերի սփռած դժգույն լույսերը թեև ցրում էին խավարն իրենց լուսավորությամբ, սակայն այդ դալուկ լուսավորության մեջ նույնիսկ խավար կար, որովհետև լույսն այդ անբնական էր, անկենդան ու մեռելոտի:
Փողոցով շտապում էին վերարկուների մեջ փաթաթված անցորդներ' անհաղորդ ու արհամարհող ամենատարբեր գովազդային վահանակների հրավիրող ու տրամադրող «կանչերին», լուսասյուների կամ ծառերի տակ կանգնած էին գիշերային պչրուհիներ, որ ավելի վհուկներ էին հիշեցում, քան հեշտանք խոստացող գեղեցկուհիներ, կային նաև հարբած կամ հարբելու պատրաստ խումարաթող տնանկներ' քաղցից սնկսնկացող հայացքներով, գերհագեցումից բթացած, ոչինչ չասող աչքերով խոսող անասուններ ու շներ' անտուն ու քնձռոտ շներ:
Քաղաքն ապրում էր այդ ուշ ժամին, կամ գուցե միայն գոյատևու՞մ:
Քաղաքը նման էր սուրճի բաժակի, որ ցնցումից ալեկոծվել էր և վեր հանելով իր դժնյա մրուրը' դարձել էր ոչ պիտանի խմելու համար: Բայց քաղաքն ալեկոծվա՞ծ էր: Գուցե միայն իր կենցաղի, ամենասովորական ու բնական իր կենցաղի ամենաստորին շերտերն էր ցուցհանել, կամ բացել սեփական աղբարկղներն ու դրել ի տես ամենքի՞:
Առկայծող անկենդան լույսերի հերթական օղակը գոտեվորել էր անթափանց խավարով պարուրված այգին: Այն մեծ չէր, բայց և դա չէր խանգարում, որ Քաղաքի ամենամեղսալի վայրը լիներ: Ծառերի շարքերը նոսր էին: Գուցե այդ պատճառով, կամ գուցե իր ներսում կատարվող բյուրավոր մեղքերը պատահական, հետաքրքրասեր, /հազվադեպ նաև դատապարտող/ հայացքներից թաքցնելու համար էր, որ պարուրվել էր խավարով, խավարն իբրև վարագույր դարձնելով եվ վերածվելով մեղքի թաքստոց-որջի:
Արու և էգ «գիշերային թիթեռնիկները» հավաքվել էին այգում' սպասելով «խավարասերների» ոհմակին, այն խավարասերների, որ մի գրողի պատկերավոր բառերով ասած' ցերեկները մաքրում էին այն կեղտերը, որ «արտադրում» էին գիշերները:
Դժոխքը կարելի էր լիովին ընկալել այդ այգուն նայելիս, Սոդոմն ու Գոմորը իրական և շոշափելիորեն զգալի էին մարդու համար այդ այգիով քայլելիս:
Քաղաքն իր գիշերային մեղսալի կյանքի վայելքի մեջ էր:
Հերթական լուսասյունը: Կողքին պչրուհին էր. ոչ պչրուհի չէր, այլ հազիվ քսանամյա մի պատանի' «խավարասերի» սպասումով հայացքը փողոցի մութին մեխած: Չէր էլ ուշադրություն դարձնում մայթով շտապող հետիոտներին, երբեմն պատահող խեթ հայացքներին: Լպրծուն չէր դեռ, երևի չէր հասցրել այդ աստիճան խրվել «ճահճի» մեջ և առողջ կենսուրախության ու թարմության հետքեր դեռ կային նրա վրա: Կողքին մի քնձռոտ շուն էր կուչ եկել եվ կրծում էր հազար անգամ կրծած ոսկորը հազարմեկերորդ անգամ' ավելի' բաղձալի մսի համը բերանում պահելու, քան սեփական դատարկ որկորը մի բանով լցնելու համար:
Երկու համաչափ լույսեր երևացին փողոցի մութի մեջ: Ուրվագծվեց թանկարժեք արտասահմանյան մեքենան, որ աստիճանական դանդաղող ընթացքով մոտենում էր լուսասյունին: Մեքենան արգելակեց և կանգ առավ պատանուց մի քանի մետր հեռավորության վրա /պատշաճության համար էին այդ մի քանի մետրերը, թե չեզոքության տպավորություն ստեղծելու, դժվար էր ասել/: Շունը մի պահ կտրվեց երբեմնի ոսկորից և նայեց մեքենային' զարմանալիորեն խելացի հայացքով: Դռան ապակին իջավ: Պատանին մոտեցավ մեքենային անշտապ հանգիստ քայլերով. ակնհայտորեն դանդաղեցրած այդ քայլերը սեփական եղծված արժանապատվության վերջին փշուրների դրսևորումներն էին երևի կամ դրանց պատրանքը. թերևս պատրանքը. չէ՞ որ երկար էր սպասել այդ մեքենային, այդպիսի մեքենայի: Երևաց նաև «խավարասերի» կիսադեմքը' գիտակ ապրանքագետի զննող հայացքով:
Եվս երկու րոպե և մեքենան սլացավ լույսերն հանգցրած ու ձուլվեց փողոցի համատարած խավարին' պատանուն «գերած»: Շունը վեր կացավ, ձգվեց, կլանչեց-կաղկանձեց' երախը լուսնին եվ ալարկոտ մտավ այգի:
Մեղքի քաղցր թույնը լիալիր կերպով շրջանառություն էր կատարում Քաղաքի «երակներով» ու «մազանոթներով» թունավորելով յուրաքանչյուր բջիջ և հյուսվածք:
Կործանված, «ճահճի» մեջ թաղված Քաղաքն ապրում էր իր հոգեվարքը:
Արման Գրիգորյան