Պերուի նախագահը և խորհրդարանը միմյանց հեռացնում են իշխանությունից
Պերուի նախագահ Մարտին Վիսկարան հրամայել է ցրել երկրի կոնգրեսը, բայց օրենսդիրները հրաժարվել են ցրվել եւ ի պատասխան՝ որոշում են ընդունել նրան հեռացնել իշխանությունից 12 ամսով, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The New York Times-ին։
Պատգամավորները կարծում են, որ նախագահը երկրում հեղաշրջում է կազմակերպում եւ գործում է որպես դիկտատոր։ Կոնգրեսի ցրման մասին հայտարարությունից հետո նրանք մնացել են շենքում եւ հրաժարվում են դուրս գալ այնտեղից։ Նրանցից ոմանք հայտարարում են, որ կընդդիմանան իրենց խորհրդարանից դուրս բերելու ցանկացած փորձի։ Խորհրդարանականներն առաջարկել են իշխանությունը հանձնել երկրի փոխնախագահին։ Նա համաձայնել է ընդունել իշխանությունը։
Միեւնույն ժամանակ, պետության նախագահի որոշմանն աջակցել է բնակչությունը. մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում մարդիկ դուրս են եկել ցույցերի ի պաշտպանություն Վիսկարայի։
Տեղեկացվում է, որ քաղաքական փակուղու պատճառը բազմամյա կոռուպցիոն ճգնաժամն է երկրում. կաշառակերության մեղադրանքով բանտում են հայտնվել թե՛ կուսակցությունների առաջնորդներ, թե՛ նախագահներ, այդ թվում պետության ներկա ղեկավարի նախորդը։ Կոռուպցիայի մեջ մեղադրված նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպան եղավ կալանավորվելիս այս տարվա ապրիլն։
Վիսկարան նոր ընտրությունների կոչ է անում այս տարվա հուլիսից, բայց խորհրդարանը, որը վերահսկվում է ընդդիմության կողմից, չի համաձայնում այդ որոշմանը։ Նախագահի խոսքով՝ ընդդիմությունն արգելակում է տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ իրականացնելու բոլոր փորձերը։
Ինչպես գրում է NYT-ը, երկիրն արդեն օրենսդիր մարմնի ցրման տխուր փորձ ունի. 1992-ին նախագահ Ալբերտո Ֆուջիմորին դիմեց նման քայլի հանուն բարեփոխումների եւ թարմացումների, բայց արդյունքում վնասեց Պերուի ժողովրդավարական ինստիտուտներին։