Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ նորաշենցիներից մի քանիսն իրեն վիրավորել են, պետք է ներողություն խնդրեն իրենից, որից հետո ինքը կվերանայի Նորաշենի համայնքապետի պաշտոնակատար նշանակելու իր որոշումը
Նորաշենում ոչ մի կերպ կրքերը չեն հանդարտվում:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ նորաշենցիներից մի քանիսն իրեն վիրավորել են, պետք է ներողություն խնդրեն իրենից, որից հետո ինքը կվերանայի Նորաշենի համայնքապետի պաշտոնակատար նշանակելու իր որոշումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արարատի մարզպետարանի շենքում հայտարարեցին Նորաշեն համայնքի մի քանի բնակիչներ, որոնք դուրս եկան մարզպետի աշխատասենյակից:
Խոսքը, ըստ ամենայնի, «ոչխար» եւ «կոկորդիլոս» արտահայտությունների մասին է:
Մարզպետին վիրավորած նորաենցին հայտարարեց, որ հանուն համայնքի պատրաստ է ներողություն խնդրել, բայց պայմանով, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը գրավոր երաշխավորի, որ պատրաստ է վերանայել իր որոշումը. «Միայն այդ դեպքում պատրաստ եմ ներողություն խնդրել, բայց տեսաք, որ ինքը նորից մեզ խաբեց, չի ընդունում մեզ»:
Մարզի ոստիկանության ղեկավարությունն էլ հայտարարել է, որ ոստիկանության հսկողությամբ պետք է վերսկսել համայնքապետարանի աշխատանքը, մինչեւ դատական կարգով պարզվի, թե որքանով է օրինական ավագանու արձանագրությունը:
Նորաշենցիները չեն հավատում դրան, նշում են, որ իրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում, ուղարկում են համայնք, հետո կգա համայնքապետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանը եւ կփորձի իր ձեռքը վերցնել գյուղապետի լիազորությունները:
Հիշեցնենք, որ այսօր նորաշենցիները հավաքվել են Արարատի մարզպետարանի շենքում եւ պահանջում էին չեղարկել Արտակ Հարությունյանին գյուղապետի պաշտոնակատար նշանակելու որոշումը եւ հետ բերել գյուղապետ Նորայր Գրիգորյանին: Մարզպետարանի շենքում լարվածություն առաջացավ, երբ այնտեղ եկան նաեւ մարզպետի եւ Արտակ Հարությունյանի կողմնակիցները: Ոստիկանները բնակիչներին իջեցրին շենքից:
Արդեն Արարատի մարզպետարանի բակում իրավիճակը լարվեց, բախում տեղի ունեցավ համայնքապետի լիազորությունները դադարեցված Նորայր Գրիգորյանի կողմնակիցների եւ համայնքապետի պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանի կողմնակիցների միջեւ: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի հոգու, այդ թվում Արտակ Հարությունյանին: Հատկանշական է, որ ոստիկանները բնակիչներին բերման էին ենթարկում պատահական մեքենաներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:
Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվել են, երբ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, ով նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից: