Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա առթիվ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սրտանց շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա առիթով:
Այսօր մենք բոլորս եւս մեկ առիթ ունենք ավելի շատ ուշադրություն դարձնելու Ձեզ, շրջապատելու հոգատարությամբ եւ ջերմությամբ:
Ձեր նկատմամբ ուշադրությունը, արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքը պետք է լինի բոլորիս հոգածության ներքո: Մեր ամենօրյա աշխատանքում մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքեր այս արժեքների պահպանման համար, ինչպես նաեւ ապահովենք ձեր սոցիալական պաշտպանությունը, մասնակցությունը հասարակական կյանքին ու առողջ ծերացումը:
Ձեր հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության բազմամյա գործունեությանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար:
Դուք մեր պատմական արժեքները կրողը եւ հասարակական զարգացման կայունությունը պահպանողն ու փոխանցողն եք:
Մեր երկրի Սահմանադրությամբ է երաշխավորված տարեցների արժանապատիվ ապրելու իրավունքը: Մարդու իրավունքների միջազգային սկզբունքները եւս պահանջում են լիարժեք երաշխավորել տարեցների իրավունքները, ապահովել նրանց առողջ, լիարժեք եւ արժանավայել կյանքը:
ՄԱԿ-ի հռչակած այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել տարեցների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վրա եւ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը:
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ ցանկանալով առողջություն եւ երջանիկ ծերություն»: