«Մենք էլ մտնենք պաշարե՞նք». Բախում նորաշենցիների միջև (Տեսանյութ)
Արարատի մարզպետարանի բակում իրավիճակը լարվեց, բախում տեղի ունեցավ համայնքապետի լիազորությունները դադարեցված Նորայր Գրիգորյանի կողմանկիցների եւ համայնքապետի պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանի կողմնակիցնրի միջեւ: Բախմանը մասնակից է եղել նաեւ Արտակ Հարությունյանը: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի հոգու, այդ թվում Արտակ Հարությունյանին:
Հավաքվածները փորձում էին թույլ չտալ ոստիկաններին բերման ենթարկել բնակիչներին:
Արտակ Հարությունյանի կողմնակիցներից մեկը հայտարարեց, որ մարզպետարանի ներսում հավաքվածները անհիմն պաշարել եւ գրավել են մարզպետարանի շենքը եւ շինծու մեղադրանքներ են հնչեցնում մարզպետի հասցեին. «Մեր կողմը շատ հավասարակշռված իր կարծիքն է արտահայտում»:
Ինչ վերաբերում է Արտակ Հարությունյանին բերման ենթարկելուն, նա ասաց. «Արտակ Հարությունյանը մի քանի անգամ պահանջեց մարզպետարանն ազատել մյուս կողմի գրավումից: Ոստիկանները չեն կարողանում դուրս հանել այդ մարդկանց: Այս կողմն ի՞նչ պետք է անի: Մենք է՞լ մտնենք պաշարենք: Երեկվանից մարզպետին շինծու մեղադրում են: Դա սադրանք ու շանտաժ է եւ գիտենք, թե որ ուժերն են այդ ամենի հետեւում կանգնած: Դա անհետեւանք չի մնալու: Ես փորձեցի ինձ զսպել, բայց այս իրավիճակը նայելով զսպել չկա: Մենք շարժվելու ենք օրենքին համապատասխան»:
Հիշեցնենք, որ այսօր նորաշենցիները հավաքվել են Արարատի մարզպետարանի շենքում եւ պահանջում էին չեղարկել Արտակ Հարությունյանին գյուղապետի պաշտոնակատար նշանակելու որոշումը եւ հետ բերել գյուղապետ Նորայր Գրիգորյանին: Մարզպետարանի շենքում լարվածություն առաջացավ, երբ այնտեղ եկան նաեւ մարզպետի եւ Արտակ Հարությունյանի կողմնակիցները: Ոստիկանները բնակիչներին իջեցրին շենքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:
Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվել են, երբ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, ով նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից: