Խաչատրյանի զարմիկը «ոչ մի վատ բան չի տեսել» ծանակմամբ հոլովակում
Երեք դուստրերի կողմից սպանված բիզնեսմեն Միխայիլ Խաչատրյանի զարմիկը «360» ալիքի հետ հարցազրույցում մեկնաբանել է աղջիկներին ծանակող հոլովակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեսանյութը, որում Խաչատրյանը գանգատվում է տանը տիրող անկարգությունից, բղավում է դուստրերի վրա, ինչպես նաեւ ոտքով հրում է նրանցից մեկին, լրատվամիջոցներում է հայտնվել սեպտեմբերի 30-ին:
Բիզնեսմենի զարմիկը հայտարարել է, որ կադրերում երեւում է իր հորեղբոր զայրույթը, ում դրան են հասցրել դուստրերը: «Նրանք գիտեին, որ հայրն իրենց վրա կզայրանա աղտոտվածության պատճառով, որ նա կարգուկանոն է սիրում: Իսկ նրանք բնակարանը կեղտոտում էին, ինչով ազդել են նրա նյարդերի վրա: Դա զայրույթի այդպիսի մի պոռթկում էր»,- հայտարարել է տղամարդը:
Նրա խոսքով՝ այս տեսանյութն ապացուցում է, որ քույրերը հորը պարզապես չեն լսել եւ իրենց պահել են այնպես, ինչպես ցանկացել են:
«Ես ոչ մի վատ բան չտեսա»,- հավելել է Խաչատրյանի ազգականը:
Հնչեղ սպանությունը կատարվել է անցյալ տարվա հուլիսի 27-ին. Մոսկվայի Ալտուֆեւյան մայրուղու վրա գտնվող շենքի մուտքում հայտնաբերվել էր 57-ամյա Միխայիլ Խաչատրյանի մարմինը՝ պարանոցի եւ կրծքավանդակի կտրած-ծակած բազմաթիվ վիրավորումներով: Քննության տվյալներով՝ նրան սպանել էին 3 դուստրերը՝ անձնական անբարյացակամության պատճառով:
Աղջիկները պնդում էին, որ իրենց հայրը, թմրանյութերի ազդեցության տակ լինելով, իրենց վրա է հարձակվել դանակով, իրենք ստիպված էին պաշտպանվել: Մինչ դա, նրանց խոսքով, տղամարդը երկար ժամանակ շարունակ ծաղրել է իրենց: Աղջիկները հիմա մեղքն ամբողջությամբ ընդունում են եւ զղջում:
Ընդ որում՝ քննիչներն ավելի վաղ պարզել էին, որ քույրերը ճշմարտություն էին ասում հոր բազմամյա ծանակումների մասին, այդ թվում՝ սեռական բնույթի: Սակայն ՔԿ-ն հրաժարվել էր Միխայիլ Խաչատրյանի դեմ քրեական գործ հարուցել: Փաստաբան Ալեքսեյ Պարշինը նշել էր, որ այս որոշումն ընդունվել է կասկածյալի մահվամբ պայմանավորված:
Քննչական մարմինը քույրերին առաջադրել հնարավոր բոլոր որակումներից ամենածանր մեղադրանքը՝ նախնական համաձայնությամբ անձանց խմբով կատարված սպանություն: Նրանց սպառնում է 8-ից մինչեւ 20 տարվա ազատազրկում: Պաշտպանական կողմը հույս ունի, որ աղջիկների դեմ գործը կփակեն: