Երևանում ընթանում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը
Երևանում հոկտեմբերի 1-ին տեղի է ունենում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Այն ընթանալու է նեղ և ընդլայնված կազմերով։
Նիստին մասնակցում են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւան կժամանի այսօր։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին կմասնակցեն նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես ԵՏՄ-ում Մոլդովայի դիտորդ պետության կարգավիճակ ունեցող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ։
ԵՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որն ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիման վրա եւ գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Այժմ ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը։ Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը մասնակցում է որպես դիտորդ պետության նախագահ, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ որպես պատվավոր հյուրեր։ 2019-ին միությունը նախագահում է Հայաստանը։
Օրակարգում ներառված են երրորդ երկրների եւ միավորումների հետ միջազգային տնտեսական համագործակցության, ֆինանսական քաղաքականության, էներգետիկ եւ մի շարք այլ հարցեր։
Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ծրագրվում է ստորագրել Համաձայնագիր ազատ առեւտրի մասին, ինչպես նաեւ Շրջանակային համաձայնագիր ԵՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին։ Փաստաթղթերը կստորագրեն ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, միության փոխվարչապետերը, ինչպես նաեւ Սինգապուրի փոխվարչապետ, սոցիալական եւ տնտեսական զարգացման հարցերի համակարգող նախարար Թարման Շանմուգարաթնամը։