Նորաշեն համայնքի բնակիչներն այսօր շարունակում են երեկ սկսած բողոքի ակցիան. Նրանք հավաքվել են Արարատի մարզպետի աշխատանսենյակի դիմաց
Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 1-ին շարունակում են երեկ սկսած բողոքի ակցիան: Նրանք հավաքվել են Արարատի մարզպետարանի շենքում, մարզպետի աշխատանսենյակի դիմաց եւ պահանջում են չեղարկել մարզպետի որոշումը, որով Նորաշենի համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը: Գյուղացիները դժգոհում են, որ գործող համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձեւով են վայր դրվել:
«Ես դրա նման սուտասանի համար պայքարեցի՞, դուք լավ գիտեք, թե ես ինչեր արեցի պարոն Փաշինյանի համար, բայց ժողովրդի համար արեցի, որ ժողովուրդը նորմալ ապրի, օրենքով աշխատեն, մարդկանց չխաբեն, բայց դրա նման կոկորդիլոսը խաբում է բոլորին: Մեկը, որ կանգնի ասի կոկորդիլոսը թռնում է, ստամոքս չունի. նա արդեն վարկաբեկվել է: Ամբողջ աշխարհը ծիծաղում է նրա վրա»,- ասաց նորաշենցիներից մեկը:
Բնակիչներից մեկն էլ ասաց, որ համայնքապետին իրենք են ընտրել եւ դժգոհություն չունեն: Համայնքապետին ընտրելու կամ հեռացնելու խնդիրը գյուղինն է եւ ոչ մի վերին ատյան չպետք է խառնվի այս հարցին: Նրա խոսքով՝ մարզպետն արհամարհել է գյուղացու խոսքն ու ոչնչացրել գյուղացուն. «Մարզպետը ամբողջ գյուղում թշնամանք է ստեղծել: Գյուղում կարող է բախումներ լինեն երկու կողմերի միջեւ: Ամբողջ բարեկամությունը՝ հորեղբոր տղա, մորաքրոջ երեխա, բոլորին սարքել է թշնամի: Ինչու իմ տղաները բանակից պետք է գան ու թշնամանք տեսնեն: Աթոռի կռվի համար թշնամի են դարձել»,- ասաց բնակիչներից մեկը:
Գյուղացիները վանկարկում են՝ «Մարզպետ հեռացի՛ր», «Գյուղը մերն է»: Նրանցից մեկը սկսեց բռունցքով հարվածել մարզպետի աշխատասենյակի դռանը, ոստիկանները կանխեցին:
Նորաշենցիներից մի քանիսին ընդունեց մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նրանք դուրս եկան եւ հայտարարեցին, որ մարզպետն իր որոշումը չի փոխում. «Մարզպետն իր որոշումը չի փոխում, իր կարգադրությունը ինչպես կա Արտակ Հարությունյանի մասին, այդպես պնդում է, որ նա է լինելու ժամանակավոր պաշտոնակատար եւ կոպիտ կերպով մեզ դուրս հրավիրեց, ասաց՝ դուրս եկեք այստեղից, գնացեք, ինչ ուզում եք՝ արեք»:
Մարզպետը նաեւ կարգադրել է, որ ակցիայի պատճառով փակված գյուղապետարանը բացեն, ինչին բնակիչները դեմ արտահայտվեցին: «Չի բացվելու», «Մարզպետ հեռացիր», «Ամոթ, ամոթ», սկսեցին վանկարկել գյուղացիները: Նրանք հայտարարեցին, որ բողոքի ակցիա են իրականացնելու նաեւ կառավարության դիմաց:
Մարզպետարանի շենքում լարվածությունը ավելացավ, ոստիկանները սկսեցին գյուղացիներին իջեցնել աստիճաններով:
Նորաշենցիներից մեկը նշեց, որ որպես փոխզիջումային լուծում կարելի է համարել այն, որ համայնքապետի լիազորությունները կատարի Միսաք Ստեփանյանը, ով այդ գյուղապետի արձակուրդում եղած ժամանակ փոխարինել է նրան, մինչեւ կլինեն նոր ընտրություններ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:
Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվել են, երբ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, ով նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից:
Լուրեր Հայաստանից - NEWS.am