Իսպանիայում առաջին անգամ կինը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Իսպանիայի բնակչուհի Անա Խուլիա Կեսադան ութամյա երեխայի սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով El Pais-ին։
Լրատվամիջոցի տեղեկատվությամբ, նա առաջին կինն է երկրում, որ նման դատավճռի է արժանացել։ Սեպտեմբերին Կեսադան մեղավոր է ճանաչվել ծանրացուցիչ հանգամանքներում Գաբրիել Կրուսի՝ իր զուգընկերոջ որդու սպանության համար։ Ալմերիի քաղաքային դատարանը նաեւ արգելել է հանցագործին մոտենալ մահացած երեխայի ծնողներին եւ պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 500 000 եվրո վճարել՝ բարոյական վնասի համար։
Բացի այդ, Կեսադան ստիպված կլինի եւս 200 000 եվրո վճարել պետությանը՝ այն ծախսերի համար, որ կատարվել են Գաբրիելի որոնումների ժամանակ։ Կինը կարող է բողոքարկել դատավճիռը։ Հակառակ դեպքում նա ստիպված կլինի 25 տարի մնալ անազատության մեջ, մինչեւ դատավճիռն առաջին անգամ վերանայելու հնարավորություն լինի։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2018թ․, երբ Անդալուզիայի ոչ մեծ բնակավայրում երեխա էր կորել։ Կարծիք կար, որ տղան կարող է մոլորված լինել։ Կազմակերպվել էին որոնումներ, որոնց մասնակցում էին հարյուրավոր մարդիկ։ Շուտով իրավապահները պարզել են, որ երեխային սպանել է Կեսադան, որն այդ ժամանակ հարաբերությունների մեջ էր տղայի հոր հետ։