Թուրքիային նոր հեղաշրջո՞ւմ է սպառնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ղեկավարվող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը լքողների թիվը մեկ տարվա ընթացքում մոտեցել է միլիոնին։ Դիտորդները դա համարում են ժողովրդական աջակցության նվազման արդյունք։ Պատճառների թվում ոչ միայն տնտեսական ճգնաժամն է, այլեւ կասկածելի արդյունքներով ռազմական ներխուժումը Սիրիա։ Թուրքական փորձագիտական շրջանակներում կարծում են, որ շուտով երկրի քաղաքական լանդշաֆտը կփոխվի, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն։
Վերջին տարվա ընթացքում ԱԶԿ-ն լքել է 840 000 անդամ, հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ եթե 2018թ․ օգոստոսին կուսակցության կողմնակիցների թիվը մոտենում էր 10 մլն 720 հազարի, ապա այս տարվա օգոստոս-սեպտեմբերի արդյունքներով այդ ցուցանիշը հասել է 9 մլն 870 հազարի։
Սեպտեմբերին ելույթ ունենալով հանրահավաքներից մեկում՝ Էրդողանը փորձել է նվազեցնել անկման նշանակությունը։ Նրա խոսքերով, անդամների թիվը նվազել է բնական պատճառներով՝ մահացել են նախագահական կուսակցության տարեց անդամները։ Սակայն դիտորդներն այս բացատրությունը արժանահավատ չեն համարում՝ ուղղակի ԱԶԿ-ն կորցնում է իր բազան։ Այս վարկածը Reuters-ի հետ զրույցում հաստատել են նաեւ կուսակցության նախկին անդամները։
Որոշ կարծիքների համաձայն, շատերն անցել են նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի եւ փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմը։
Փորձագետներից մեկի կարծիքով՝ այն պատճառով, որ Թուրքիայի բնակիչներն այժմ մեծ դժվարություններ են կրում կապված առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման հետ, ճգնաժամից դուրս գալու Բաբաջանի ծրագիրը հսկայական պահանջարկ կունենա։ Թուրքական հասարակական կյանքում ամրապնդվել է այն հիփոթեզը, որ հանրապետությունում տնտեսական ցուցանիշների անկումն ուղղակիորեն կապված է սիրիական հակամարտության հետ, որին Անկարան ակտիվ մասնակցություն ունի։
Այժմ Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները միաժամանակ են անցկացվում։ «Մի բան ակնհայտ է՝ մինչեւ 2023թ․ համակարգն այն տեսքով, որ ունի այժմ, չի դիմանա։ Դա նշանակում է, որ պետք է սպասել Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ անկանխատեսելի իրադարձությունների։ Կարեւոր է այն գիտակցությունը, թե ով կլինի Դավութօղլուի եւ Բաբաջանի հետ։ Եթե գոյություն ունեն «գորշ կարդինալներ», ապա ո՞վ են նրանք։ Ո՞ւմ են աջակցում ուժային կառույցները, եւ մասնավորապես այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Խուլուսի Աքարը (պաշտպանության նախարար) եւ Խական Ֆիդանը (MIT հետախուզության ղեկավար)։ Գալիս է գաղտնազերծումների ժամանակը, եւ գաղտնի շատ բաներ կարող են ի հայտ գալ։ Իշխանությունը ձեռքում պահելու համար Էրդողանը ստիպված կլինի թուրք ժողովրդի ազգային եւ կրոնական զգացմունքների միավորմանն ուղղված էլ ավելի շատ արտաքին քաղաքական ավանտյուրիզմ դրսեւորել»,- ասում է քաղաքագետ Քերիմ Խասը։
Բացառված չէ, որ դա կարող են լինել ինչպես նոր ռազմական գործողությունները Սիրիայում, այնպես էլ պետական հեղաշրջման բեմականացումը։