Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Էներգետիկայի նախարարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվության ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարեւորել է հայ-իրանական հարաբերությունների զարգացումը ի շահ երկու երկրների:
Որպես Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանն ու Ռեզա Արդաքանիանը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասնվեցերորդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրում նշված կետերի կատարման ընթացքը: Այնուհետեւ զրուցակիցները, երկուստեք կարեւորելով էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը, հույս են հայտնել, որ այն ավելի կընդլայնվի:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: