Եվրոպական ժառանգության օրերը՝ համայնքային թանգարաններում
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները Եվրոպական ժառանգության օրերին ներկայացել են մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով:
Քաղաքապետարանից հայտնում են, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է հողարվեստի նոր ցուցադրություն: Հեղինակներն աշխատանքները ստեղծելիս օգտագործել են հենց տարածքի հողը: Ցուցահանդեսը նվիրված էր հողարվեստի ականավոր գործիչ Մարկոս Գրիգորյանի հիշատակին:
Թանգարանում անցկացվել են նաեւ «Արի պեղենք միասին» եւ «Եկեք գրենք ուրարատերեն» կրթական ծրագրերը: Միջոցառումներ են կազմակերպվել նաեւ թանագարանի երկու մյուս մասնաճյուղերում՝ Կարմիր բլուր եւ Շենգավիթ հնավայրերում:
Այս տարի բոլոր միջոցառումներն անցկացվել են «Արվեստ եւ ժամանց» խորագրով:
Երեւան քաղաքի պատմության թանգարանում էլ Եվրոպական ժառանգության օրերը նշանավորվել են «Արվեստ եւ ժամանց» խորագրով ցուցադրությամբ: Ներկայացված աշխատանքները ուշ միջնադարի եվրոպական կերպարվեստի հայտնի, նաեւ անհայտ հեղինակների գործեր են: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը: