Ստամբուլահայերը դիմել են պատրիարքի ընտրության նախաձեռնող խմբին
Թուրքիայի ՆԳՆ–ի կողմից Հայոց պատրիարքարան ուղարկված ընտրությունների կանոնադրությունը խիստ վրդովեցրել է ստամբուլահայ համայնքին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, ստամբուլահայերից կազմված «Հասարակական նախաձեռնություն» խումբը կոչով դիմել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունները կազմակերպող նախաձեռնող խմբին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել փոխելու ՆԳՆ–ի կանոնադրության այն կետը, սըտ որի, ընտրություններին կարող են մասնակցել միայն Պոլսո հայոց պատրիարքարանին ենթակա եպիսկոպոսները։
Կոչի մեջ նշվել է, որ այս տարբերակով շարժվելու դեպքում ընտրության արդյունքները վիճելի կարող են համարվել։
Նշենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսո հայոց պատրիարքարան ուղարկված պատրիարքի ընտրության կանոնադրության մեջ նշվում է, որ պատրիարք կարող է ընտրվել Պոլսո հայոց պատրիարքարանին ենթակա եպիսկոպոսը։ Նախկինում նման սահմանափակում չի եղել։ Ցանկացած հոգեւորական, ով ծնվել էր Թուրքիայում, անկախ այն հանգամանքից, թե որ երկրում է ծառայություն իրականացնում, կարող էր մասնակցել ընտրություններին։