Չլուծված բյուրոկրատական հարցերը խոչընդոտում են թվայնացմանը ԵՏՄ շրջանակում. ՌԴ ֆինանսների նախարար
Չլուծված բյուրոկրատական հարցերն արգելակում են վերջնական թվայնացման հնարավորությունը ԵՏՄ շրջանակում։ Այս մասին «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» համաժողովի շրջանակում Երեւանում սեպտեմբերի 30-ին ասաց Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ, Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։
Նրա խոսքով՝ պետք է ստեղծվի միասնական «ամպ», որտեղ կստացվի տեղեկատվություն ապրանքների արտադրության, նշանակման վերջնակետի մասին եւ այլն։ «Այդ կենտրոնը չպետք է լինի պետական, ծառայությունը կմատուցի բիզնեսը»,- պարզաբանել է նա։
Սիլուանովը շեշտեց, որ տրանսպորտային ծառայությունները Ցանկացած երկրի կամ Միության ՀՆԱ-ի համար կարեւոր տարր են, որն ունենալով կարելի է լուրջ եկամուտներ ակնկալել: «Մեր միության տարածքի 14 տոկոսը ցամաքն է, ու ԵՏՄ ապագան կախված է այն հանգամանքից, թե ինչպես կկազմակերպենք մեր տրանսպորտային միջանցքները եւ հոսքերը: Խոչընդոտներ, անկասկած, մնացել են: Անհրաժեշտ է հասկանալ, որ թվայնացումը կարող է շատ խնդիրներ լուծել, այդ թվում՝ վարչարարության հետ կապված, ինչպես նաեւ թեթեւացնել ապրանքների արտահանումը»,- նշեց նախարարը:
Անտոն Սիլուանովը հավելեց, որ Ռուսաստանում կան այս ոլորտում սուբսիդավորման տարրեր, սակայն դրանք պետք է միանման լինեն ամբողջ Միությունում, անհրաժեշտ է պայմանները հավասարեցնել:
Հիշեցնենք, որ սեպտեմերի 30-ին Երեւանում ընթանում է «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» թեմայով համաժողովը: