Մոնտանայում արտակարգ դրություն է հայտարարվել ձյան տեղումների պատճառով (Լուսանկարներ)
Մոնտանայի նահանգապետ Սթիվ Բուլոքը արտակարգ դրություն է հայտարարել ձնաբքի պատճառով, որը նահանգում գրանցվել է հանգստյան օրերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Աննախադեպ ձմեռային բքի հետ կապված, որը մեզ համար սեպտեմբերին անսպասելի անակնկալ էր, տեղական ղեկավարությունը եւ նահանգի իշխանությունները սերտորեն համագործակցում են Մոնտանայի բնակիչների առողջության եւ անվտանգության պաշտպանության նպատակով»,- ասել է Բուլոքը, որի խոսքը մեջբերվել է մամուլի հաղորդագրության մեջ:
Մոնտանայում տարերքի հետեւանքով գրանցվել են քամու ուժգնացում եւ ձյան ուժեղ տեղումներ. որոշ շրջաններում գրանցվել են մինչեւ 100 սմ տեղումներ, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, փակվել են ճանապարհները: «Բուքը կարող է նահանգում նաեւ ջրհեղեղ առաջացնել»,- մտավախություն ունեն տեղական իշխանությունները:
CNN հեռուստաընկերությունը հայտնում է, որ միայն շաբաթ Գրեյթ Ֆոլս քաղաքում տեղացել է ռեկորդային՝ 25 սմ ձյուն: Նախկին ռեկորդը սահմանվել էր ավելի քան 60 տարի առաջ՝ 1954 թվականին, այդ ժամանակ քաղաքի փողոցները մեկ օրում ծածկվել էին ձյան 9-սանտիմետրանոց շերտով:
Հեռուստաընկերության պարզաբանմամբ, սեպտեմբերյան ձյան տեղումները Միացյալ Նահանգների հյուսիսում գտնվող այս տեղանքի համար այնքան էլ եզակի երեւույթ չեն, սակայն տարվա այս եղանակին դրանք սովորաբար այդքան հզոր չեն լինում: «Եթե կանխատեսումն իրականանա, ապա ձյան այս տեղումները համադրելի կլինեն կամ նույնիսկ կգերազանցեն 1934 թվականի բքին, որը շատ շրջանների համար համարվում է փաստաթղթավորվածներից ամենաուժգինը»,- CNN-ին ասել է օդերեւութաբան Իվան Քաբրերան:
CBS հեռուստաընկերությունն իր հերթին հայտնում է, որ օդերեւութաբանների կանխատեսումներով՝ Մոնտանայի բնակիչներին ձյան տեղումներ են սպասում նաեւ երկուշաբթի: Սրա հետ կապված շատ դպրոցներ փակ կլինեն: Սպասվում է, որ սովորական աշունը նահանգ կվերադառնա շաբաթվա վերջին: