«Դեռ մեկ տարի առաջ մարզպետն ինձ առաջարկել է անդամագրվել ՔՊ-ին, որից հրաժարվել եմ». Նորայր Գրիգորյանի լիազորությունները անօրինական ձևով վայր դնելու կապակցությամբ բողոքի ակցիա Նորաշենում (Տեսանյութ)
Արարատի մարզի Նորաշեն գյուղում բողոքի ակցիա է ընթանում: Գյուղացիները բողոքում են, որ իրենց համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները անօրինական ձևով վայր են դրել:
Գյուղապետ Նորայր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն արձակուրդում է գտնվում.
«Անօրինական, անհիմն, առանց ծանուցելու, առանց տեղյակ պահելու իմ լիազորությունները վայր են դնում; Պապան է երեկոյան զանգել ու տեղյակ պահել: Արդեն 1,5 տարի է, մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձը ձեռքերը մտցրել է մեր համայնք, ամբողջ համայնքը խառնել է իրար: Մանկապարտեզը երեք ամիս չի գործում, մարզպետի անօրինական կարգադրությամբ, առանց համայնքապետի ու ավագանու որոշման: Ամեն ինչը կազմակերպում է մարզպետը: Բազմիցս փորձել եմ հանդիպել, ընդհանրապես չի ընդունում:
Անկեղծ ասած, անձնական խնդիր կա, խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն չեմ պաշտպանել, էդ օրվանից նստվածք է տվել»,-ասաց նա:
Արդեն նախկին գյուղապետի խոսքով, դեռ մեկ տարի առաջ մարզպետն իրեն առաջարկել է անդամագրվել ՔՊ-ին, որից ինքը հրաժարվել է. «Դրանից հետո լարվածություն է առաջացել մեր մեջ: 1000 տնտեսություն ունեցող համայնքի ղեկավար եմ 2 ամիս է չեմ կարողանում մարզպետի հետ հանդիպել, հո ես փողոցային չեմ: Թող մարզպետը գա, ես իր հետ շատ բան ունեմ խոսելու»,-ասաց նա:
Նշենք, որ այս պահին Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակված Արտակ Հարությունյանը: