Ֆրանսիան հրաժեշտ է տալիս հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակին. Այսօր՝ երկուշաբթի, ազգային սգի օր է հայտարարվել ի հիշատակ ականավոր քաղաքական գործչի
Ֆրանսիան հրաժեշտ է տալիս հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակին: Երկուշաբթին ազգային սգի օր է հայտարարվել ի հիշատակ ականավոր քաղաքական գործչի:
Ելիսեյան պալատից հայտնել են, որ պաշտոնական արարողությունները կանցկացվեն նախ պատմական Հաշմանդամների պալատի պատվո բակում, որտեղ հանգուցյալ առաջնորդին զինվորական պատիվ կտրվի: Նա 12 տարի՝ 1995-2007 թվականներին որպես հանրապետության նախագահ եղել է նաեւ Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:
Զինվորական պատիվներից հետո սգո երթը կուղեւորվի Փարիզի հին Սեն Սյուլպիս եկեղեցի, որը գտնվում է Լյուքսեմբուրգյան այգու եւ Սեն Ժերմեն պուրակի միջեւ: Այնտեղ Շիրակի ընտանիքի անդամների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արտասահմանյան երկրների առաջնորդների մասնակցությամբ տեղի կունենա հոգեհանգստի պատարագ: Եկեղեցում հրաժեշտի արարողություն ավարտելով՝ Մակրոնը Ելիսեյան պալատում կհանդիպի Փարիզ ժամանած արտասահմանցի գործընկերների հետ:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ սեպտեմբերի 26-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել էր Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը:
Ժակ Շիրակը Ֆրանսիայի առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան :
Հաղորդել էինք նաև, որ Ժակ Շիրակի աճյունով դագաղը հրաժեշտի համար կդրվի Փարիզի Սեն Լուի տաճարի մոտ:
Իսկ նրան հրաժեշտ տալ ցանկացողների հերթը ձգվել է մի քանի հարյուր մետր:
Operativ.am-ը ցուցադրել էր նաև տեսանյութեր, ինչպես են Փարիզում հրաժեշտ են տվել Ժակ Շիրակին: