Սահմանամերձ Վազաշեն համայնքի ռմբակոծված մանկապարտեզը վերաբացվել է
Հայ Օգնության Ֆոնդի կողմից՝ Մարդիկյան ընտանիք հիմնադրամի (ԱՄՆ) նվիրատվությամբ, Վազաշենում վերանորոգվել է համայնքի մանկապարտեզը: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ մանկապարտեզի պաշտոնական բացումը: Շուրջ 30 տարի սահմանամերձ Վազաշեն համայնքը մանկապարտեզ չի ունեցել: Այժմ մանկապարտեզ է հաճախում 22 երեխա:
Պաշտոնական բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԱՄՆ-ից ժամանած շուրջ 30 բարերաներ, Էդուարդ և Ջանեթ Մարդիկյանները, ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Կառլ Բազարյանը:
«Մենք ունենալու ենք շատ երեխաներ, ովքեր իրենց երջանիկ կյանքն անց են կացնելու այս շենքում: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կվերանորոգենք շենքի մյուս հատված ևս: Մեր հիմնական նպատակն այն է, որ մարդիկ ամեն տարի ավելանան գյուղերում: Այս ամենին պետք է հասնենք մեր գործողություններով: Սա միակ հիմնական ճանապարհն է գյուղերում հաջողության հասնելու համար, հատկապես՝ սահմանամերձ գյուղերում»,- ասաց Հայկ Չոբանյանը:
Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց Էդուարդ և Ջանեթ Մարդիկյաններին, Կառլ Ղազարյանին՝ մշտական աջակցության և համագործակցության համար:
Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ մենք չենք ապրում մարզում, մենք ապրում ենք Տավուշ աշխարհում:
Այնուհետև հյուրերը շրջեցին վերանորոգված մանկապարտեզի շենքում և ծանոթացան կատարված աշխատանքներին: