«Շղարշիկի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պնդում է՝ ԸՕ խախտումներ չեն գրանցվել
Արագածոտնի մարզի Շղարշիկ համայնքում ընտրություններն ընթանում են բնականոն հունով, ընտրական օրենսգրքի խախտում կամ վրիպում չի արձանագրվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շղարշիկ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մխիթար Գասպարյանը։
«Կուտակումներ չկան, հոսքը շատ թույլ է, այս պահին 403 ընտրողից քվեարկել է 72-ը։ Նախորդ օրերին էլ, այսօր էլ հանձնաժողովը իր գործառույթները կատարել է ԸՕ–ին համապատասխան»,–նշեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը։
Նա արձագանքելով «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի այն հաղորդագրությանը, թե Շղարշիկ համայնքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ամբողջությամբ չի տիրապետում իր գործառույթներին, նշեց, որ այդ առնչությամբ արձանագրություն է կազմել, որտեղ նշվել է՝ ընտրությունների ժամանակ որևէ խախտում կամ վրիպում չի եղել, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը լիարժեք տիրապետում է իր գործառույթներին։ Գասպարյանի խոսքով՝ արձանագրության տակ ստորագրել են նաև դիտորդները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: