Փարիզում հրաժեշտ են տվել Ժակ Շիրակին (Տեսանյութեր)
Ոգեկոչման արարողությունը սկսվել է Փարիզի Հաշմանդամների տան Սուրբ Լյուդովիկոս տաճարի մուտքի մոտ, որտեղ տեղադրված է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դագաղը: Նրան հրաժեշտ են տալիս թաղման և ազգային սուգի օրվա նախօրեին:
Հազարավոր մարդիկ են հավաքվել տաճարի մոտ, մինչ ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին) ժամանել է հուղարկավորության կորտեժը Թուրնոն փողոցից, որտեղ վերջին տարիներին ապրում էին Շիրակ ամուսինները: Ֆրանսիացիների հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում նախկին նախագահի ընտանիքի խնդրանքով:
Վաղը, սեպտեմբերի 30-ին, ազգային սուգի օրը, Սուրբ Սուլպիցիա եկեղեցում տեղի կունենա պաշտոնական հանդիսավոր արարողությունը: Այն կսկսվի կեսօրին, սպասվում է աշխարհի շուրջ երեք տասնյակ պետությունների ղեկավարների և կառավարությունների ներկայությունը: Շիրակին հրաժեշտ տալու համար Փարիզ կմեկնի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նախկին նախագահի կնոջ՝ Բեռնադետ Շիրակի խնդրանքով, Շիրակը կհուղարկավորվի Փարիզի Մոնպառնաս գերեզմանատանը՝ ավագ դստեր՝ Լորանսի կողքին, որը մահացել է 2016-ին: Հուղարկավորությանը ներկա կլինեն միայն հարազատներն ու մտերիմները, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ֆրանսիայի նախկին նախագահը մահացել է սեպտեմբերի 26-ին, 86 տարեկան հասակում: Նա Հինգերորդ հանրապետությունը ղեկավարել է 1995-ից մինչև 2007 թվականը: