Ամբերդ ամրոցում բացվել են եվրոպական ժառանգության օրերը
Եվրամիությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի մշակութային ժառանգությանը: Այս մասին «Եվրոպական ժառանգության օրեր-2019» միջոցառման բացման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
«Երջանիկ եմ լինել այստեղ, այս վայրը հայկական ճարտարապետության իսկական մարգարիտ է»,- Ամբերդ ամրոցում բացման ելույթում նշեց Վիկտորինը:
ԵՄ դեսպանը հավելեց, որ եվրոպական ժառանգության օրերը հնարավորություն են տալիս ներկայացնելու Հայաստանի մշակութային ժառանգության բազմազանությունն ու հայկական ինքնության մասը կազմող հուշարձանները, պարերն ու երաժշտությունը:
Իր հերթին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանում մի շարք վայրերում եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումներ կանցկացվեն:
«Հայաստանի ողջ տարածքում մարդիկ կկարողանան ավելի շատ տեղեկություն ստանալ մեր ժառանգության մասին: Դա եւս մեկ հնարավորություն է ներկայացնելու մեր մշակույթը՝ որպես մեկ քաղաքակրթության մաս, եւ պատմելու հայկական արվեստի եւ ճարտարապետության մասին»,- ասաց նա:
ԵՄ դեսպանն ու նախարարը նշեցին զբոսաշրջության զարգացման կարեւոր մաս հանդիսացող մշակույթի ոլորտում բիզնես գաղափարների աջակցման կարեւորությունը:
«Մենք աջակցում ենք զբոսաշրջության ռազմավարության մշակման ջանքերը, քանի որ դա հավելյալ արժեք է բերում եւ տնտեսական զարգացման կարեւոր մաս է կազմում»,- նշեց Վիկտորինը:
Նախարարն, իր հերթին, նշեց, որ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում նման բիզնես գաղափարների զարգացման ուղղությամբ, քանի որ «անհրաժեշտ է ոչ միայն ներկայացնել սեփական արվեստը, այլ նաեւ հնարավորություն ունենալ վաճառել այն»:
Այս տարի եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են սեպտեմբերի 28-29-ը, տարբեր մշակութային միջոցառումներ, համերգներ, ցուցադրություններ, գրական եւ երաժշտական միջոցառումներ, կրթական ու ինտերակտիվ ծրագրեր կանցկացվեն Հայաստանի ողջ տարածքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններում: