Արման ՆՈւՌ. «Անլուրջ գովազդի կարիք չունեմ, կոչումներով, ինչպես հովհարով, չեմ քողարկվում»
News.am Stile -ը զրուցել է հայ դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռի հետ:
Ստորև ձեզ ներկայացնում ենք հատված հարցազրույցից և մի քանի լուսանկար:
« Նուռի հարցազրույցներում նրան ներածականով չեն ներկայացնում. ընդունված չէ, և իմաստ էլ չունի։ Նրան առանց այդ էլ բոլորը ճանաչում են։ Ճանաչում են որպես Արման Նուռ, պարզապես Նուռ կամ Արման՝ ում ինչպես հարմար է։ Ի դեպ, նրա հետ զրույցում անընդհատ շփոթում էի, մեկ «Արման», մեկ «Նուռ»... Նուռի հետ հեշտ է զրուցելը, անգամ կարելի է հատուկ չպատրաստվել (նոթատետրս փակեցի, կարիքը չկար). գլխավորը, ինչպես ասում են, ալիքը բռնելն էր եւ ավելի իմաստուն չերեւալը, քանզի Նուռը իր ողջ նրբաճաշակությամբ հանդերձ՝ խոսելիս ու վարվելաձեւում, անհավանականորեն պարզ է։ Նրա մեջ մի գրամ պաթոս չկա կամ տեղի «արվեստագետներին» բնորոշ ինքնավստահություն, այն դեպքում, երբ նման ամպլուայի համար Նուռը լիքը հիմքեր ունի։ Արմանը սիրալիր դիմավորում է իր պատկերասրահի հյուրերին, որը հենց Երեւանի սրտում է՝ Հանրապետության հրապարակում, պատասխանում հարցերին, խորհուրդներ տալիս... Այստեղ չորս կողմը շքեղություն է, բայց աչք չի ծակում, չի ճչում. դրա մեջ լիքը իմաստ ու շատ սեր կա՝ արվեստի, մարդկանց, պատմության հանդեպ։ Աշխատում է Նուռը գիշերները, պատվերը սովորաբար պատրաստվում է մեկ տարվա ընթացքում. վարպետը պարզապես ժամանակ չունի եւ ստեղծագործության համար «պատուհանիկներ» է ստեղծում հանդիպումների, ուղեւորությունների արանքում։ Վերջինը Բելգիա էր...
Այդ ի՞նչ ճանապարհորդություն էր։
Դա երկարատեւ նախագծի մի մասն էր. «Ճանճը» շրջագայությունն սկսեց Ֆլորենցիայում, հետո այն ցուցադրվեց այստեղ՝ «Գաֆեսճյան» թանգարանում, հետո Լոնդոնում, Ամստերդամում, իսկ հետո թռավ Բելգիա՝ Կնոկե քաղաք... Ինձ այդ քաղաքը շատ զարմացրեց. գյուտ էր, հայտնագործություն
Ինչո՞վ զարմացրեց։
Դե, այսպես ասենք, դա Եվրոպայի համար այնքան էլ բնորոշ տեղ չէր. ամառանոց, որը համարվում է ամենահեղինակավորներից ու թանկարժեքներից մեկը Եվրոպայում, եւ այնտեղ ապրում են շատ հետաքրքիր, հիմնականում աստղային ու հարուստ մարդիկ։ Բայց Կնոկեի գլխավոր հետաքրքրությունն այն է, որ այնտեղ մոտ հինգ հարյուր պատկերասրահ կա։ Այսինքն՝ դա մի տեսակ արտ-քաղաք է, որը ստեղծվել է արվեստի շուրջ։ Դրա համար էլ «Արտ-նոկտյուրնը», որն անցկացվում է ամեն տարի, կարծես ամփոփում է արտ-տարին, ամեն բան իր տեղը դնում... Ես իմ մի մասը թողեցի այնտեղ. մի գծով նկարեցի Կնոկե քաղաքը իմ «Ճանճի» պատվանդանին։ Այնպես որ, դա արդեն պարզապես պատվանդան չէ, այլ արտ-իր, որը հիմա դրված է քաղաքի թանգարանում։ Հիմա «Ճանճը» պատրաստվում է թռչել Ժնեւ, Փարիզ, հետո Բեյրութ, Աթենք, իսկ եկող տարի ծրագրում է հատել օվկիանոսը։ Մինչեւ 2022 թվականը «Ճանճի» ծրագրերում 74 երկիր կա...
Հարցազրույցներից մեկում ասացիք, որ ճանճը մեկ ուղղությամբ չի շարժվում։ Իսկ Դո՞ւք։ Դուք ճա՞նճ եք։
Ոչ, նուռ եմ (ծիծաղում է)... Ես էլ, ինչպես տեսնում եք, արվեստում մեկ ուղղության վրա կախված չեմ մնում։ Ինչ-որ մեկն ինձ գիտի քանդակներով, ինչ-որ մեկը՝ նկարներով, ինչ-որ մեկն էլ՝ ոսկերչական իրերով։ Եվ հավատացեք, շուտով ինձ կճանաչեք էլի մի նոր դրսեւորմամբ... Թե ինչպիսին՝ չեմ ասի, բայց շուտով, մինչեւ Նոր տարի, ձեզ կզարմացնեմ իմ նոր դրսեւորմամբ։ Լրիվ անսպասելի։
Ինչպե՞ս է դա պատահում։ Այ, Դուք հանկարծ զգում եք, որ կարող եք էլի՞ ինչ-որ բան անել։
Շատ դժվար է բացատրել, թե ինչպես է դա տեղի ունենում։ Ինքդ էլ ես զարմանում, որ հանկարծ քեզ ինչ-որ գաղափար է այցելում, որովհետեւ, ըստ էության, ոչինչ դրա մասին չէր վկայում. դու դրա հետ նախկինում ոչ մի կերպ չէիր առնչվել, բայց այն գալիս է ու դառնում քո մի մասը...»
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում: