Բարորակ նորագոյացությունների ռադիոալիքային հեռացում (Լուսանկարներ)
Մաշկի վրա խալերը (նևուս), պապիլոմաները, ֆիբրոմաները, հեմանգիոմաները և այլ բարորակ նորագոյացություններ մարդկանց անհարմարություն են պատճառում, դրանք ոչ միայն փչացնում են արտաքինը, այլ նաև հաճախ անհաջող դիրքի պատճառով խանգարում են ամենօրյա կյանքում: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է այդ նորագոյացությունների բազմաթիվ միջոցներ: Դրանցից ամենահայտնին և արդյունավետը բարձր հաճախականությամբ ռադիոալիքային սարքավորման միջոցով հեռացումն է:
«Աստղիկ» ԲԿ-ում ռադիոալիքային հեռացում անցկացնում է մաշկաբան Կարեն Հովսեփյանը: Նա տարիներ շարունակ աշխատել է Մոսկվայում, սակայն վերջերս որոշել է Հայաստան վերադառնալ և այստեղ կիրառել իր գիտելիքներն ու փորձը:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում մասնագետը պատմել է, որ նորագոյացությունների ռադիոալիքային հեռացման առաջին և գլխավոր առավելությունը էսթետիկ արդյունքն է: Բացի այդ, առողջ հյուսվածքները չեն վնասվում, չեն դեֆորմացվում, իսկ դրանց կրկին առաջացումը պրակտիկորեն զրոյական է:
Հեռացված հյուսվածքնեը ևս չեն վնասվում, և դրանք կարելի է առանց որևէ խնդրի ուղարկել հիստոլոգիական հետազոտության:
Այդ մեթոդի օգնությամբ, ինչպես նշեց մասնագետը, կարելի է հեռացնել ինչպես փոքր տարրերը, այնպես էլ 1-2 սմ գոյացությունները:
«Աստղիկ» ԲԿ-ում բարորակ նորագոյացությունների ռադիոալիքային հեռացում իրականացվում է Ellman International «սուրգիտրոն» սարքավորման միջոցով: Պրոցեդուրան անցկացվում է տեղային անզգայացմամբ և տևում է մի քանի րոպե: Յուրաքանչյուր փոքր պապիլոմայի հեռացման համար, մասնագետի խոսքով, պահանջվում է մոտ 20-30 վայրկյան, իսկ խոշոր նորագոյացությունների հեռացման համար՝ 3-4 րոպե:
Պրոցեդուրայից հետո նորագոյացության տեղում ձևավորվում է ոչ մեծ կեղև, սպիներ և հետքեր չեն մնում: Մի քանի ամիս անց կեղեւն անզեն աչքով անհնար է տեսնել:
Մեթոդի մեկ այլ առավելություն է այն, որ դրանից հետո արնահոսություն չի լինում, բացի այդ, առանձնահատուկ խնամք չի պահանջվում: Մշակված տեղում ասեպտիկ վիրակապ է դրվում, և պացիենտը տուն է վերադառնում: Մի քանի օրվա ընթացքում նա մշակում է վերքը, հիվանդանոց կրկին այցելելու և կրկին վիրակապ դնելու անհրաժեշտություն եւս չկա:
Հակացուցումները շատ չեն. առաջին հերթին, պրոցեդուրան հակացուցված է շաքարային դիաբետի դեկոմպենսացիայի դեպքում, սակայն եթե պացիենտը հաջողությամբ պահպանում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ապա մասնագետի հետ խորհրդակցությունից հետո կարող է պրոցեդուրա անցնել:
Որոշ դեպքերում պրոցեդուրան կարող է հակացուցված լինել նաեւ օրգանիզմում կարդիոխթանիչներ ունեցող պացիենտների համար: Տվյալ դեպքում պացիենտը պետք է խորհրդակցի մասնագետի հետ, որպեսզի վերջինս կարողանա որոշում կայացնել՝ հետագա գործողությունների համար: