«Ընտանիքիս պատմության միջոցով Ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ եմ պատրաստում». Սարիկ Անդրեասյան (Լուսանկարներ)
Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր Instagram-ում կիսվել է լուսանկարներով, որոնք արվել են Թուրքիայի Արևելյան մասում։
Նա հետևորդներին հայտնել է, որ ճամփորդում է այն վայրերով, որտեղ «պահպանվել են Հայոց ցեղասպանության հետքերը» և խոսել է նոր նախագծի մասին։ «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորը նշել է․ «Ընտանիքիս պատմության միջոցով Ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ եմ պատրաստում։ Սկսած ռուս-թուրքական պատերազմից մինչեւ մեր օրերը»։
Սարիկ Անդրեասյանը հայտնել է նաեւ, որ իր նոր ֆիլմով շրջելու է Ռուսաստանի քաղաքներով, ցուցադրություն կլինի նաեւ հայերի համար եւ բոլոր նրանց, որոնց անհանգստացնում է տվյալ թեման։
NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Սարիկ Անդրեասյանը պատմեց, որ վավերագրական ֆիլմերի ոլորտում նա փորձ ունի։ «Դրանք հիմնականում քրեական հետաքննություններ էին ղազախական հեռուստաընկերությունների համար», - ասաց նա։ Պատասխանելով այն հարցին, թե որտեղից են Անդրեասյանի նախնիները, ռեժիսորը պատասխանեց․ «Իմ նախնիները Դերջանից են, այժմ՝ Թերջան (Tercan)։ Այնտեղ կար 31 հայկական գյուղ, այժմ ոչ մեկը չկա։ 1880թ․-ից մինչեւ 1915թ․-ը բոլորը թալանվել եւ այրվել են, իսկ բնակիչները՝ քշված, կամ սպանված։ Մենք հստակ գիտեինք միայն ապուպապիս կտավատի արտի վայրը եւ գետի ափի պատվանդանը, ինչի օգնությամբ էլ կտավատի յուղ էին ստանում։ Մենք՝ եղբայրներով, հետաքրքրվում էինք, փնտրում էինք գյուղը, կամ այն վայրը, որտեղ նրնք ապրել են մոտ 5 տարի։ Մեզ շատ օգնեցին տեղի բնակիչները»․․․