Այնթափում տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է․ 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել. (Տեսանյութ)
Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղից դանակահարված վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են, որ Այնթապ-Նուբարաշեն ճանապարհի սկազբնամասում մի քանի երիտասարդի մասնակցության վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում էլ տղամարդը դանակահարվել է։
Շուտով հայտնի է դարձել նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Չարենցավանում ապրող 23-ամյա երիտասարդի հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 26-ին նա եկավ ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվել։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։