Լիլի Սարգսյանը պատրաստվում է Miss Grand International 2019 գեղեցկության մրցույթին (լուսանկարներ)
«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը երկու տարվա մրցութային դադարից հետո շուտով կրկին կբարձրանա միջազգային բեմ՝ ներկայացնելու Հայաստանը: «Միսս Աշխարհ» մրցույթի առաջին հայ մասնակիցն այս անգամ իր գեղեցկությունը կցուցադրի Miss Grand International 2019 մրցույթի շրջանակում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-ից 25-ն ընկած ժամանակահատվածում՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում:
Լիլին NEWS.am STYLE –ին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 7-ին արդեն պատրաստում է մեկնել Վենեսուելա. հայ գեղեցկուհուն բավականին երկար թռիչք է սպասվում.
«Հուսով եմ` ետ կվերադառնամ, վտանգը մեծ է, ռիսկի եմ գնում»,-կատակում է նա՝ հավելելով. «Երկու տարի շարունակ ստացել եմ տարբեր մրցույթների մասնակցելու առաջարկներ. այս տարի որոշեցի եւս մեկ անգամ փորձել ուժերս միջազգային հարթակում»:
Լիլին նշում է` իրեն պատրաստվել օգնում է մրցույթի հայաստանյան համարժեքի տնօրեն Յանա Գրիգորյանը:
«Գրեթե ամեն օր խոսում ենք մրցույթի մասին»:
«Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթը հայաստանյան առաջին մասնակցի խոսքով՝ մեծ փորձ է տվել իրեն, ինչը կօգնի հաղթահարել հերթական մրցույթի հուզմունքը.
«Այդ փորձն ինձ ավելի է ուժ տալիս, եւ վախն այդքան շատ չէ, չէ՞ որ, մասնակցել եմ էլ ավելի հեղինակավոր մրցույթի: Մեծ փորձ եմ ձեռք բերել «Միսս Աշխարհ»-ին մասնակցվելու ընթացքում, բայց միշտ էլ կա աճելու տեղ՝ ավելի լավը դառնալու համար»:
Ինչ վերաբերում է մրցակիցներին՝ Լիլին դեռ բոլորի հետ չի հասցրել ծանոթանալ.
«Ոչ բոլորին եմ տեսել, բայց, այո, կան գեղեցիկ աղջիկներ, ամեն դեպքում՝ նրանց մրցակցի աչքերով չեմ նայում. դա միայն խանգարում է»:
Իսկ մրցույթից ակնկալում է ստանալ՝ «սեր եւ համբավ»:
Սյունե Առաքելյան