Իտալիայում էվթանազիան օրինականացվել է
Մարդուն կյանքից հեռանալուն օգնելը հանցագործություն չէ, եթե նա «անասելի տառապանքներ» է կրում, սահմանել է Իտալիայի Սահմանադրական դատարանը՝ օրինականացնելով էվթանազիան բացառիկ դեպքերի համար, տեղեկացնում է BBC-ն։
Դատարանը վճիռը կայացրել է Ֆաբիանո Անտոնիանիի՝ դիջեյ Fabo-ի սկանդալային մահվան հետ կապված, որը ենթարկվել է էվթանազիայի 2017 թվականին շվեյցարական կլինիկայում։ Դրանից երեք տարի առաջ Անտոնիանին ավտովթարի էր ենթարկվել, որից հետո կորցրել էր տեսողությունը եւ ձեռքերն ու ոտքերը շարժելու կարողությունը։
Շվեյցարիա մեկնելիս դիջեյին ուղեկցել է էվթանազիայի ակտիվիստ եւ կողմնակից Մարկո Կապատոն։ Վերադառնալուց հետո Կապատոյի դեմ հայց են ներկայացրել Միլանի դատարան, որն իր հերթին խնդրել է Սահմանադրական դատարանին հստակեցնել օրենքներն էվթանազիայի մասին։
Երկրում, որտեղ ավանդաբար ուժեղ են Հռոմի կաթոլիկ եկեղեցու դիրքերը, դիջեյի ինքնակամ հեռանալը կյանքից առաջ է բերել մոլի վեճեր։ Եկեղեցին էվթանազիան համարում է ապաբարոյական եւ ինքնասպանությանը հավասարազոր երեւույթ, որն արգելված է կրոնով։
Եկեղեցում հայտարարել են, որ դժգոհ են Սահմանադրական դատարանի որոշումից, որն ընդունվել էր Ֆրանցիսկոս պապի հորդորից մեկ շաբաթ հետո. Հռոմի պապը, ելույթ ունենալով բուժաշխատողների առջեւ, նրանց հորդորել էր «չտրվել գայթակղությանը» եւ չբավարարել ծանր հիվանդ մարդու՝ կյանքից հեռանալու ցանկությունը։
Իտալիայի Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասվում է, որ էվթանազիան պետք է թույլատրվի օրենքով, բայց միայն բացառիկ դեպքերում, օրինակ, եթե պացիենտը չափազանց ծանր եւ անբուժելի վիճակում է, որը նրան ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքներ է պատճառում, «որոնք նա անտանելի է համարում»։