Ժակ Շիրակը Ֆրանսիայի առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան
Շնորհակալ եմ հայերին, որոնք, հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց զորակցությունը հայտնեցին մեզ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Նրանցից յուրաքանչյուրը ողջունեց Ժակ Շիրակին որպես պետական գործչի, Հայաստանի բարեկամի եւ աննկուն աջակցի:
Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունվեց 2001-70 օրենքը, համաձայն որի միակ հոդվածի « Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը», դրանով իսկ Ֆրանսիան դարձնելով աշխարհում առաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով:
Հայաստանում լավ են հիշում, որ Ժակ Շիրակը Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան: Շատերն ինձ հետ կիսվում են, անշուշտ հայերի ընդունելությունից հուզված Նախագահի՝ յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերած ուշադրության եւ յուրաքանչյուրին ականջալուր լինելու մասին իրենց հիշողություններով:
Նախագահ Շիրակի նախաձեռնությամբ է, որ 2007 թվականին Ֆրանսիայում մեկնարկեց «Հայաստան, իմ բարեկամ» հայկական մշակույթի տարին:
Հնագույն լեզուների եւ քաղաքակրթությունների մեծ գիտակ Ժակ Շիրակը չէր կարող պարզապես անտարբեր մնալ հայկական մշակույթի, նրա ինքնության եւ հիշատակի պահպանման հանդեպ:
Ուրբաթ, սեպտեմբերի 27-ին և երկուշաբթի, սեպտեմբերի 30 -ին, ժամը 15 :00-ից 17:00-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան կբացվի»:
Հիշեցնենք, երեկ Operativ լրատվականը հաղորդել էր, որ 86 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: