Լավրովը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Զրույցի ընթացքում երկկողմ օրակարգի ակտուալ հարցեր են քննարկվել, տարածաշրջանային անվտանգության խնդրի շուրջ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունում նշել են, որ հանդիպումը կազմակերպվել է Շվեյցարիայի աջակցությամբ, որը Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով ներկայացնում է Վրաստանում Ռուսաստանի եւ Ռուսաստանում Վրաստանի շահերը: