Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ տխրությամբ և ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին:
Ֆրանսիան կորցրեց մեծ պետական այրի: Ողջ կյանքը նվիրելով Ֆրանսիային և մարմնավորելով նաև Ֆրանսիայի մեծությունը՝ նա էլ ավելի բարձրացրեց Ֆրանսիայի հեղինակությունը միջազգային հանրության առջև զուգակցելով հայրենիքին իր անմնացորդ ծառայությունը այլ ժողովուրդների իրավունքների ու ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քայլերով։
Հայ ժողովուրդը չի մոռանա նախագահ Շիրակի անկեղծ բարեկամությունը, նրա վճռական ներդրումը Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու հարցում և նրա միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Հայ ժողովուրդը երախտապարտ է Շիրակին նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ գործադրած ջանքերի, այդ թվում՝ Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի մշակութային կոթողների նկատմամբ նրա անձնական ուշադրության համար։
Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր։ Մենք մեծ ջերմությամբ ենք հիշում նրա պետական այցը Հայաստան, իր մասնակցությամբ Երևանում Ֆրանսիայի հրապարակի բացումը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի տարվա աննախադեպ անցկացումը։
Հայտնում եմ իմ խորին ցավակցությունները ֆրանսիացի բարեկամ ժողովրդին, ֆրանսիական պետությանը և Շիրակի ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Հայ ժողովուրդը հավասարապես սգում է ականավոր պետական գործչի ու մեծ անհատի մահը»։