Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը Կոմիտասի 150-ամյակին նվիրված տեսահոլովակ է ներկայացրել
Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը, որն արտերկրում հայտնի է որպես «ոսկե ձայն», ներկայացրել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված նոր տեսահոլովակ: Այն նկարահանվել է «Չինար ես» երգի հիման վրա: Սա երգչի արդեն երրորդ հոլովակն է, որի հիմքում Կոմիտաս վարդապետի երաժշտությունն է: Առաջին հոլովակը «Գարունն» էր, երկրորդը՝ «Կռունկը»:
«Այս անգամ ցանկացա ողբերգական երգով չներկայացնել մեր մեծն Կոմիտասին, այլ նրա 150-ամյակին ընտրել այնպիսի քնարական գործ, ինչպիսին «Չինար ես»-ն է: Ցանկանում էի վերստեղծել այն դարաշրջանը, որում ապրել է Կոմիտասը, եւ այն պահը, որ նա, հավանաբար առաջին անգամ լսել է այս ստեղծագործությունը: Եվ շատ ուրախ եմ, որ որդիս կարողացավ հաջողությամբ կերտել գլխավոր հերոսի դերը»,- հոլովակի մասին նշում է Ռուբեն Էլբակյանը:
Ռուբեն Ելբակյանը «LUXURY» ամսագրի տվյալներով՝ ներառված է աշխարհի 57 ամենահայտնի հայերի ցանկում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վերնոյի, Միշել Լեգրանի, Շերի, Քըրք Քըրքորյանի եւ այլոց հետ: 2012թ.-ին արժանացել է «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչման:
Նոյեմբերի 29-ին Ռուբեն Էլբակյանը Ave Maria մեծ մենահամերգով հանդես կգա Փարիզի Մադլեն եկեղեցում, որով կազդարարվի երգչի եվրոպական մեծ շրջագայությունը: Տենորը պատրաստվում է մենահամերգով հանդես գալ նաեւ Հայաստանում: