Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը չեղարկելու միակ ճանապարհը երկխոսությունն է, որը պետք է սկսել առանց նախապայմանների. Գերմանիայի ԱԳՆ
Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը չեղարկելու միակ ճանապարհը երկխոսությունն է, որը պետք է սկսել առանց նախապայմանների։ Այս մասին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ խորհրդաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Լիցքաթափման միակ ճանապարհը բանակցություններն են ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ»,- կարծում է նա։ «Դա, սակայն, հնարավոր է, եթե միայն (Իրանը եւ ԱՄՆ-ը) որեւէ անիրատեսական նախապայման չդնեն նման երկխոսության համար», ավելացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։
«Եվ էլի ինչ-որ բան այսօր մենք ընդգծեցինք Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հանդիպմանը. մենք ցանկանում ենք այսուհետ եւս պաշտպանել Իրանի միջուկային գործարքը եւ այն նպատակները, որոնց համաձայն՝ Իրանը չէր ունենա ատոմային զենք»,- ասել է նա։ Մաասի կարծիքով՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ստեղծում է անվտանգություն եւ Իրանի հետ հետագա բանակցությունների հիմքն է։ Նախարարն ընդգծել է, որ Թեհրանից ակնկալում է կատարել պարտավորությունները համաձայնագրի շրջանակում։
Ավելի վաղ, ՄԱԿ ԳՎ 74-րդ խորհրդաժողովում ելույթի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ սկսելու՝ Թեհրանի հիմնական պայմանը պատժամիջոցները հանելն է եւ վերադարձը միջուկային գործարքին: