ԵՄ-ն պատրաստ է աջակցել դատաիրավական ոլորտի բարեփոխումներին. ԵՄ դեսպանը՝ Ռուստամ Բադասյանին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ պատիվ համարել նման փորձառու գործընկերոջ հետ համագործակցելը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու առանցքային նշանակություն ունեցող՝ հակակոռուպցիոն եւ դատաիրավական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար եւ նշել, որ Հակակոռուպցիոն եւ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունների նախագծերը պատրաստ են, առաջիկայում կհաստատվեն Կառավարության կողմից եւ կմտնեն գործնական փուլ:
Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: