Թրամփը խիստ քննադատության է ենթարկել դեմոկրատներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին խիստ քննադատության է ենթարկել ուկրաինացի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ իր հեռախոսային զրույցի հետ կապված սկանդալի ֆոնին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Նրանք [դեմոկրատները] չեն ցանկանում ընդունել Թրամփի վաստակը, քանի որ նրանց բոլոր ջանքերն ուղղված են [նախագահական] ընտրություններին: Նրանց ոչինչ ավելի շատ չի մտահոգում: Նրանց չի մտահոգում մեր երկիրը, նրանց մտահոգում են ընտրությունները,- նշել է ԱՄՆ նախագահը: - Իսկ ամենատխուրն այն է, որ այն ահռելի աշխատանքի պարագայում, որը կատարել ենք այս ուիքենդին, մեդիան անգամ չի լուսաբանում: Այս ամենը նվազեցնում է մեր վիթխարի ձեռքբերումները, եւ այդ ամենը ծրագրված է: «Վհուկների որսը» շարունակվում է, բայց այն հիմա արդեն իրենց է հարվածում, որովհետեւ երբ նրանք նայում են վկայություններին, իրենք էլ են տեսնում, որ դա ծիծաղելի է: Եվ ահա, դրա համար իմփիչմե՞նթ հայտարարել... Այն պատճառով, որ հոյակապ հանդիպում կամ հոյակապ հեռախոսազրո՞ւյց եմ անցկացրել »:
«Սա առաջին զրույցն էր, եւ կարծում եմ, որ պետք է խնդրենք նաեւ երկրորդ զրույցի տեքստը,- շարունակել է Թրամփը: - Կարծում եմ՝ մենք պետք է խնդրենք նաեւ փոխնախագահ Փենսի զրույցների վերծանումը, որովհետեւ նա եւս երկու զրույց է ունեցել: Ի դեպ, միգուցե ես տնտեսեմ ձեր ժամանակը, եթե ասեմ, որ բոլորը կատարյալ են եղել, ոչ մի կարեւորություն չի ասվել: Բայց եթե, ինչպես ասում են, նրանց պետք է [իմ] առաջին զրույցը, կարող են դա ստանալ, երբ որ ցանկանան, նաեւ Մայք Փենսի զրույցները, որոնք էլ կատարյալ են եղել: Դրանք բոլորը կատարյալ են եղել: Իսկ ահա այն, ինչը դեմոկրատներն անում են այս երկրի հետ՝ տխուր է. նրանք այս երկիրը բաժանում են, ոչնչացնում եւ վարկաբեկում»:
Թրամփը հաստատել է, որ սկզբում դեմ էր զրույցի բովանդակության հրապարակմանը, քանի որ պահանջը թելադրված էր «ֆեյք լուրերով», բայց հետո համաձայնվել է՝ ասելով. «Մենք կհրապարակենք, եթե դա ձեզ համար այդքան կարեւոր է»:
«Ինձ դուր չի գալիս զրույցների բովանդակության հրապարակման բուն սկզբնունքը,- պարզաբանել է Թրամփը,- որովհետեւ երբ որեւէ երկրի նախագահը, վարչապետը, թագավորը կամ թագուհին զանգահարում են ԱՄՆ նախագահին, ինձ այնքան էլ հաճելի չի լինի նրանց հայտնել՝ մենք այս զրույցի տեքստը կփոխանցենք ֆեյք լուրերին, եւ նրանց մոտ ծաղրի առարկա կդանանք: Անչափ դժվար է այսպես բիզնես վարել. չեմ ուզում, որ այդ մարդիկ իրենց ոչ հարմարավետ զգան: Այնպես որ՝ դա ինձ ամենեւին դուր չի գալիս»: