Շարունակվում են «Արարատ-հակատեռոր-2019» զորավարժությունները. ահաբեկիչները վնասազերծվել են (Տեսանյութ)
Հայաստանում ընթանում են ԱՊՀ պետությունների «Արարատ-հակատեռոր-2019» զորավարժությունների եզրափակիչ փուլերը:
Զորավարժությունների շրջանակում ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումները ահաբեկիչների վնասազերծման եւ պատանդների ազատ արձակման հակաահաբեկչական գործողություններ են անցկացնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում:
Գործողությունների սցենարի համաձայն՝ 4 ահաբեկիչներ պատանդներ են վերցրել: Եվ քանի որ բանակցություններն արդյունք չեն տվել, ահաբեկիչներին վնասազերծելու որոշում է կայացվել: ԱԱԾ հատուկ ջոկատի գործողություններն ուղեկցվել են պատից գլխիվայր շրջմամբ, հատուկ տեխնիկայի, այդ թվում հատուկ հարթակով մեքենայի օգտագործմամբ: Գործողությունների արդյունքով մեկ ահաբեկիչ է վնասազերծվել, 3-ը՝ ձերբակալվել: Պատանդներից մեկը վիրավոր է, հատուկ ջոկատի զինյալների շրջանում տուժածներ չկան: Պատանդներին բուժօգնություն են տրամադրում:
Սցենարի համաձայն՝ ահաբեկիչներից մատնահետք են վերցնում՝ ստուգելու նրանց ինքնությունը կամ գրանցելու տվյալների բազայում: Տեղանքի զննության ժամանակ ծառայողական շները կասկածելի իրեր են հայտնաբերում, որոնք ստուգվում են սակրավորների կողմից ռենտգենային սարքավորման միջոցով: Ապա դեպքի վայր են ժամանում քննիչները, եւ տարածքի աշխատանքը վերականգնվում է:
Հիշեցնենք, որ վաղը զորավարժությունները կշարունակվեն «Մարշալ Բաղրամյան» պոլիգոնում: