Թրամփի իմփիչմենթի կողմնակիցները մեծամասնություն չունեն ԱՄՆ Կոնգրեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի կողմնակիցները մեծամասնություն չունեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, տեղեկացրել են New York Times եւ Washington Post թերթերը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ դեմոկրատների հսկողության ներքո գտնվող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր նախագահի իմփիչմենթի պաշտոնական ընթացակարգ սկսելու մասին։ Իմփիչմենթի համար Փելոսին որպես հիմնավորում նշել էր Թրամփի խոսակցությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում նա, իբր, պահանջել էր սկսել հետաքննություն Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու դեմ։ Հենց սրանում են դեմոկրատները տեսնում «ընտրությունների ամբողջականության խախտում»։ Շատ չանցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Կիեւը թույլ է տվել հրապարակել Ուկրաինայի նախագահի հետ իր զրույցն ամբողջությամբ։
Ներկայացուցիչների պալատը 435 անդամ ունի, մեծամասնությունը դեմոկրատներն են (235)։
New York Times թերթը գրում է, որ 200 մարդ «պաշտպանում է իմփիչմենթի ընթացակարգը», նրանց թվում են 199 դեմոկրատ եւ խորհրդարանի մեկ անկախ անդամ։ Ընդ որում՝ 87 օրենսդիր ասել է «ոչ, ոչ հիմա» կամ գտնվում է անորոշության մեջ, նրանց թվում են 16 դեմոկրատ եւ 71 հանրապետական։ Բացի այդ, թերթը չի ստացել պալատի 148 անդամի պատասխան, նրանց մեծամասնությունը Հանրապետական կուսակցությունից է (128)։
Համաձայն Washington Post թերթի հաշվարկների, որը հարցման է ենթարկել միայն դեմոկրատներին, 194 օրենսդիր իմփիչմենթի կողմնակից է, 40-ը կողմ է, որպեսզի շարունակվեն «առկա հետաքննությունները», եւ միայն մեկ մարդ չի մեկնաբանել իրավիճակը կամ նրա մեկնաբանությունը «պարզ չէ»։
Պարբերականների տվյալներն անընդհատ թարմացվում են։
Ավելի վաղ, հղում կատարելով ԶԼՄ-ներին, տեղեկացվում էր, որ ԱՄՆ նախագահը Զելենսկու հետ խոսակցության ժամանակ, իբր, մի գաղտնի տեղեկություն է բացահայտել եւ փորձել է ստիպել ուկրաինական իշխանություններն հետաքննություն սկսել նախկին փոխնախագահի, ԱՄՆ նախագահական ընտրարշավի մասնակից Ջո Բայդենի դեմ։ Թրամփը դա հերքում է եւ կարծում է, որ այդ պատմությունը սարքված է, որպեսզի պաշտպանեն Բայդենին, որի որդին, իբր, խառն է կոռուպցիային Ուկրաինայում։
Wall Street Journal թերթը, հղում կատարելով աղբյուրներին, ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թրամփն այդ խոսակցության ժամանակ, ենթադրաբար, բազմիցս ճնշում է գործադրել Զելենսկու վրա, որպեսզի նա հետաքննություն սկսի Բայդենի որդու՝ Հանթերի դեմ։ Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն Hromadske-ի հարցազրույցում ասել է, որ Թրամփը ճնշում չի գործադրել Ուկրաինայի նախագահի հանդեպ։