«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը՝ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում (Լուսանկարներ)
Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Ազատամարտիկների հուշահամալիրում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությունը, որը մեկնարկեց Ուջանի երիտասարդական երգչախմբի կատարումներով և ամփոփվեց ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևի «Վերջին օրը» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:
Մինչև փառատոնի ավարտը՝ շուրջ մեկ շաբաթ, փառատոնի բոլոր մասնակիցները ապրեցին ուջանցիների տներում՝ այդ կերպ հնարավորություն ունենալով ավելի մոտիկից ճանաչել հայկական մշակույթն ու կենցաղը: Մինչև սեպտեմբերի 20-ը Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի հարակից այգում տեղի ունեցան բացօթյա կինոցուցադրություններ, բացի դա փառատոնի բոլոր ֆիլմերը ցուցադրվեցին նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում:
Փառատոնի երկու մրցութային ծրագրերում ընդգրկված էին 9 կարճամետրաժ և 11 լիամետրաժ կինոնկար աշխարհի 15 երկրից՝ Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Ինդոնեզիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն: Փառատոնի հաղթողները հայտարարվեցին սեպտեմբերի 19-ին Ուջանում՝ փակման արարողության ժամանակ, և պարգևատրվեցին հատուկ այս առիթով պատրաստված ավանդական հայկական գորգերով: Սեպտեմբերի 20-ին հաղթող ֆիլմերը ցուցադրվեցին «Մոսկվա» կինոթատրոնում: