Երևանում տեղի է ունեցել «Արարատ-հակատեռոր 2019» փոստային քարտի մարման արարողությունը
Երևանում այսօր՝ սեպտեմբերի 25-ի առավոտյան, տեղի է ունեցել «Արարատ-հակատեռոր 2019» ԱՊՀ համատեղ զորավարժությանը նվիրված փոստային քարտի մարման արարողությունը։
Քարտը տպագրվել է «Ասողիկ» տպագրատանը 500 տպաքանակով։ Մարմանը մասնակցել են Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը եւ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը, «Հայփոստի» ներկայացուցիչներ։
Մարման արարողությունը տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության և հատուկ ծառայությունների մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների անձնակազմի ղեկավարների շրջանակում։
ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական մարմինների ղեկավար կազմի հավաքի բացման ժամանակ հանդես է եկել ելույթով, որում հատկապես նշել է, թե վերջին տարիների իրադարձությունները վկայում են միջազգային ասպարեզում ահաբեկչական կազմակերպությունների շարունակվող ակտիվացման մասին։
Նրա խոսքով՝ ելնելով դրանից, ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը նախկինի պես մնում են հիմնական սպառնալիքների շարքում։ Փորձագետների գնահատմամբ՝ առաջիկա տարիներին ահաբեկչական կազմակերպությունների ակտիվության նվազում չի կանխատեսվում։ «Չնայած ներկայում Հայաստանի տարածքի հանդեպ կոնկրետ ահաբեկչական ձգտումներ բացահայտված չեն, այնուամենայնիվ, հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները եւ դրանով պայմանավորված՝ հնարավոր տարածաշրջանային գործընթացներին ներգրավվելու հեռանկարները, չի կարելի բացառել, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունները կարող են Հայաստանն ընտրել որպես գրոհի թիրախ»,- նշել է Մարտիրոսյանը։
Նա առաջարկել է, որ նման միտումների բացահայտման նպատակով՝ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի եւ գործընկերների ակտիվ համագործակցությամբ կատարվի սպառնալիքների պարբերական վերլուծություն։ Հատուկ ուշադրություն է դարձվում կրիտիկական կարևոր ենթակառուցվածքի օբյեկտների, այդ թվում վառելիքաէներգետիկ համալիրի պաշտպանությանը։ Հենց դրանով է բացատրվում «Արարատ-հակատեռոր 2019» զորավարժությունների մտահղացումը։
Որպես զորավարժությունների անմիջական օբյեկտ ընտրվել են կրիտիկական կարեւոր օբյեկտների տեղակայման շրջանները։ Ըստ նախնական մտահղացման՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների «քնած օղակները» նախատեսում են խախտել վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքը եւ ապակայունացնել իրավիճակը հանրապետությունում։
Մարտիրոսյանը հիշեցրել է, որ նման մասշտաբի զորավարժություններ Հայաստանում առաջին անգամ չէ, որ իրականացվում են։